Բաժիններ՝

Դուբայում վաճառքի են հանվել ոսկյա կոշիկներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալացի հայտնի դիզայներ Ալբերտո Մորետիի ոսկյա, 24 կարատանոց տղամարդու ու կանացի կոշիկներն առաջին անգամ այս աշնանը վաճառքի են հանվել Դուբայում՝ Level Shoe District  խանութ-սրահում:

Նշվում է, որ ոսկյա կոշիկն ամբողջությամբ պատրաստված է ձեռքով: Այն Դուբայում է հանվել վաճառքի՝ հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում և մասնավորապես Պարսից ծոցի երկրներում են ունևոր հաճախորդներն ուշադրություն հատկացնում զարդարանքներին, լյուքս դասի հագուստներին և այլն:

Ընդգծվում է, որ աշխարհում կա ընդամենը մի քանի վարպետ, որոնք ունակ են կատարել նմանատիպ աշխատանք: Ոսկին ինքնին խոսուն է, ինչի համար էլ կարիք չի զգացվել հավելյալ զարդարանքների, որոնք միայն կծանրաբեռնեին այն: Ալբերտո Մորետիի այդ կոշիկների զույգը Դուբայում արժե 4000-4800 դոլար: Ակնկալվում է, որ երեք ամսում ոսկյա կոշիկները վաճառքի կհանվեն նաև այլ երկրներում:

Մերձավոր Արևելքը տարեկան մոտ 7.7 միլիարդ դոլար է ծախսում լյուքս դասի ապրանքների գնման վրա: Այդ գումարի 30 տոկոսը ծախսվում է Դուբայում: Պարսից ծոցի երկրներում եկամուտների միջին և բարձր մակարդակ ունեցողները պատրաստ են ամսական մոտ 200 դոլար ծախսել կոշիկի վրա, մինչդեռ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի բնակիչների պարագայում այդ ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 31 և 15 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս