Բաժիններ՝

Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Նոյեմբերի 7-ին Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փոխըմբռնման հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում: Հուշագիրը ստորագրել են ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն: Հուշագրի ստորագրումը հնարավոր է դարձել Կանադայի Զորյան ինստիտուտի գործուն ջանքերի և մասնակցության շնորհիվ, որի գործունեության նպատակն է՝ հետազոտությունների, գիտական և այլ աշխատանքների միջոցով բարձրացնել հասարակական տեղեկացվածության մակարդակը համընդհանուր մարդու իրավունքների, ցեղասպանության և սփյուռք-հայրենիք կապերի վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ԿՄԻԹ-ն աշխարհում առաջին թանգարանն է, որը նվիրված է բացառապես մարդու իրավունքների ուսմունքին, էվոլյուցիային և ապագային: ԿՄԻԹ-ը Կանադայի ազգային մայրաքաղաքային տարածաշրջանից դուրս երբևէ կառուցված առաջին ազգային թանգարանն է: Թանգարանի գտնվելու վայրը Մանիտոբա նահանգի Վիննիփեգ քաղաքն է: Թանգարանի բացումը նախատեսված է 2014թ. սեպտեմբերին, և այնտեղ լինելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահ:

Հարկ է նշել, որ թանգարանի ղեկավարության կողմից՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցուցադրություն ունենալու վերաբերյալ հայտարարությունից հետո Թուրքիան տարբեր մակարդակներով ճնշումներ է գործադրել Կանադայի ղեկավարության վրա՝ կոչ անելով ետ կանգնել «Օսմանյան Կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի սպանությունները որպես ցեղասպանություն պիտակավորելուց»: Չնայած տարբեր մակարդակներով գործադրված ճնշումներին, Կանադայի կառավարությունը, ինչպես նաև ԿՄԻԹ-ը, հաստատակամ են մնացել մարդկային մեծ ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն ճանաչելու իրենց որոշման հարցում, իսկ թանգարանի ղեկավարությունը վերահաստատել է, որ թանգարանն ունենալու է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահ:

Կամո Մայիլյան
Տորոնտո-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս