Պետք է ստորագրել հազար էջից բաղկացած ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի յուրաքանչյուր էջը. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վիլնյուս մեկնող վրացական պատվիրակությունը գլխավորելու է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանը պատրաստվում է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել ԵՄ-ի հետ: Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին՝ նախքան Վիլնյուսի գագաթաժողովը:

Փանջիկիձեի խոսքերով՝ Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու է կառավարության 8 ներկայացուցիչ, այդ թվում նաև փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.

«Զալկալիանին հանդիսանում է Վրաստանի կողմից գլխավոր բանագնացը և հենց նա պետք է ստորագրի հազար էջից բաղկացած համաձայնագրի յուրաքանչյուր էջը: Փաստաթղթի նախաստորագրման արարողությունը կտևի մոտ 3 ժամ»:

Վրաստանը պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2014 թվականի սեպտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս