Բաժիններ՝

Արձագանք. «Տիկին Սուսաննա, Աստծո 10 պատվիրաններից մեկը հրահանգում է. «Սուտ մի՛ վկայիր»

«Ողջ ճշմարտությունը Օհանավանի բնակչուհի, հուշարձանների պահպանության գործակալության նախկին աշխատակցուհի Սուսաննա Գաբրիելյանի ստահոդ հայտարարությունների վերաբերյալ:

Տիկին Սուսաննա, Աստծո 10 պատվիրաններից մեկը հրահանգում է. «Սուտ մի՛ վկայիր»: (Բ Օրինաց, 5:20)

Սուրբ Հովհաննավանքում հոգևոր ծառայության նշանակվելուց ի վեր, շուրջ երեք տարիներ քարոզում եմ Տիրոջ հանդեպ երկյուղը կորցրած տիկին Սուսաննային, որ չի կարելի մեր նախնյաց գերեզմանները ապօրինաբար խլել, պղծել և այն վերածել մշակելի տարածքի:

Շատ հաճախ սրբապղծություն բառն օգտագործում ենք, երբ հարևան պետություններից որևէ մեկում ոտնահարվում են եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ և այլ մշակութային կառույցներ, սակայն թուրքանման արարածներն այսօր, ի շահ իրենց ընտանիքի «բարօր կյանքի», պատրաստ են սրբապղծություն կատարել, վայրահաչել հոգևոր հովվի մասին, բռնադատել նրան, զրպարտել և ամեն կերպ սեփական մեղքը հանիրավի բարդել մինչ օրս խոնարհաբար լռողների վրա:

Գիտակցելով նախկինում վանքապատկան տարածքին վերաբերող խնդրի հույժ կարևորությունը, որ տարիներ անց այնտեղ ոչ մի գերեզման չի մնալու, դիմում-խնդրագրեր եմ ներկայացրել ՀՀ Մշակույթի Նախարարության պատկան մարմիններին:

Այս տարվա օգոստոսի 21-ին ՀՀ Վարչապետի աջակցությամբ տարածքը դարձյալ վերածվեց հատուկ պահպանման գոտու, ինչից 2006թ. մեկ այլ բարբարոսի քմահաճույքի արդյունքում զրկվել էր:

Զարմանում եմ` ինչպես են Սուսաննա Գաբրիելյանին երկար տարիներ պահել ՀՀ Հուշարձանների պահպանության գործակալության մարզային վարչությունում, ով այդպես էլ չի հասկանում, որ հատուկ պահպանման տարածքում անկարելի է որևէ աշխատանք կատարել, առավել ևս գերեզմաններ պղծել և ծառեր տնկել:

Ցավում եմ, որ Սուսաննա Գաբրիելյանի բարբաջանքներին ունկնդիր` հարցն առանց լուրջ ուսումնասիրելու, ոմանք նրա սուտ վկայությանը մեղսակից են դառնում և հյուսում են նրա ապահայրենասիրական  գործողությունների շղթան:

Իբրև Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովիվ` խնդրում եմ վանական համալիրին հասակակից գերեզմանների պահպանման ապագայով անհանգստացող յուրաքանչյուր հայորդու այցելել 4-13-րդ դարերի սրբավայր և տեսնել Սուսաննա Գաբրիելյանի իրական պատկերը»:

ՏԵՐ ԵՓՐԵՄ ՔԱՀԱՆԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս