Սամվել Ալեքսանյանը շնորհակալ է Ժիրայր Սէֆիլյանին, Խզմալյանին՝ «Սիթիերը» գովազդելու համար

Փակ շուկայի շուրջ ծավալվող բողոքի ակցիաների ժամանակ կողմերից մեկը՝  Սամվել Ալեքսանյանի կողմնակից «կարմիրները», ըստ շրջանառվող լուրերի, դադարեցնում են իրենց ակցիան: Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այս լուրերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ես Նախախորհրդարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սէֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր «Սիթիների» համար, մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»:

Դիտարկմանը, թե դա հակագովազդ էր, որովհետև ակտիվիստները կոչ են անում բոյկոտել Փակ շուկան, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Չէ, իրանք մեզ գովազդ արեցին, մենք էլ էդտեղ 20 մլն տնտեսեցինք և որոշել ենք հանրապետության լավ սովորող ուսանող երեխաներին տալ»։

Նա շեշտեց, թե «կարմիր գլխարկավորները» իր կողմնակիցները չեն, ապա հավաստիացրեց, թե ինքն այդ ակցիաների հետ առնչություն չի ունեցել: Ավելին, նա  վստահեցրեց, թե ակցիայի մասնակիցներից որևէ մեկին գումար չի վճարում։ Նա հորդորեց դիմել Սուրեն Սուրենյանցին, ով  կազմակերպում է «կարմիր գլխարկավորների» ակցիան։

Հարցին, թե որքա՞ն եք վճարում Ս. Սուրենյանցին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ակցիայի համար նրան չի վճարում, բայց եթե մի հարցով դիմում է իրեն, ապա օգնում է։ Իսկ հարցին, թե արդյոք վիրավորական չէ՞ր, որ իր համակիրները ավանակների ակցիա էին կազմակերպել, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց այսպես. «Էշերը ի՞նչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրեք: Կարմիրները այդպիսի բան հնարավոր չի, որ  անեն»։

Տեսանյութեր

Լրահոս