Հովիկ Աբրահամյանը խոստացավ անձամբ խոսել գերատեսչությունների հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ իր պահանջը` հանդիպելու Արաբկիրի ոստիկանապետի հետ, չի կայացել, իսկ Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությունյանին: «Ես ուզում եմ բարձրացնել մի շատ կարևոր հարց, որը վերաբերում է Ազգային ժողովի հեղինակությանը: ԱԺ պատագամավորների գործունեության կարևոր երաշխքիներից մեկն այն է, որ օրենքով մեզ տրված են հնարավորություններ հանդիպելու պետական պաշտոնյաների հետ, այցելելու ձերբակալվածներին, կալանավորվածներին և այլն: Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին: Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, և Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել ինձ հետ՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց, որ դա կանի համաձայն օրենքի», – նշեց նա՝ ավելացնելով, թե ուզում է հասկանալ՝ Ազգային ժողովի նախագահը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ապահովի պատգամավորական այդ գոծունեության սահմանադրական երաշխիքները»: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել, մենք ամեն ինչ կարող ենք անել, որ օրենքը պահպանվի, և ես առաջարկում եմ Ձեզ ավելի մանրամասն ներկայացնել, և ես անձամբ գերատեսչությունների ղեկավարների հետ կխոսեմ և կփորձեմ ճշտել թե ինչու չեն հանդիպել, եթե օրենքը դա պարտադրում է»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց, թե օրենքը հստակ սահմանում է ԱԺ պատգամավորի իրավունքը՝ հանդիպելու ձերբակալվածներին: «Ակնկալում եմ իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում»,- դիմելով Հովիկ Աբրահամյանին ասաց նա: ԱԺ նախագահն էլ նշեց, թե նախորդ պատասխանին ավելացնելու ոչինչ չունի, ապա նշեց. «Մենք, ես կոնկրետ, հետամուտ եմ լինելու, որ եթե օրենքը խախտվել է, տվյալ գերատեսչության ղեկավարին կհրավիրենք, կհասկանանք, կտանք գնահատական»:

Տեսանյութեր

Լրահոս