«Ավելի քան վստահ ենք, որ խաչքարերից շատերը կոտրվել են, մնացել են գետնի տակ, տեղահան արվել»
Այսօր մի շարք զբոսաշրջային ընկերություններ կազմակերպում են ճանաչողական արշավներ` բացահայտելու Հայաստանի և Արցախի դեռևս շատերի համար չբացահայտված վայրերը, վանքերն ու եկեղեցիները: «Արևի» զբոսաշրջային ընկերության կազմակերպած արշավներին 168.am-ն անդրադառնալու տարբեր առիթներ է ունեցել: Այս անգամ «Արևի»-ն ուղևորվել էր Ակոռի գյուղ:
Մեզ հետ զրույցում զբոսաշրջային ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանը պատմում է Ակոռի ուղևորության ողջ ընթացքի մասին.
Երբ և ինչպես ուղևորվեցինք Ակոռի
Ակոռի ուղևորվեցինք հոկտեմբերի 3-ին, ընդհանուր ուղևորության համար պլանավորել էինք 3 օր: Առաջին օրը հասանք մինչև Բայազետ` ճանապարհին այցելելով Արծափ հայկական գյուղ: Բայազետում մեզ դիմավորեցին մեր քուրդ գործընկերները, որոնք հաջորդ օրը պետք է ուղեկցեին մեզ դեպի Ակոռի: Ընդհանուր առմամբ, ուղևորության թիրախը Ակոռի գյուղ հասնելն էր, քանի որ հայտնի է, որ գյուղի տարածքում է գտնվում թուրքական ռազմաբազաներից մեկը, և նախկինում գրեթե անհնար էր այնտեղ հասնելը: Հաջորդ օրը, վաղ առավոտյան ուղևորվեցինք դեպի Ակոռի: Մինչև գյուղ հասնելը բոլորիս մոտ մտավախություն կար, որ հասնելուն պես մեզ կանգնեցնելու են ռազմաբազայի զինվորներն ու ետ ուղարկեն:
Ինչևիցե, Բայազետից հասանք Իգդիր, շրջվեցինք դեպի անմիջապես Խոր Վիրապի վանքին հանդիպակաց երևացող մայրուղին, որը տանում է դեպի Նախիջևան, և մոտավորապես հասնելով Խոր Վիրապին` շրջվեցինք դեպի աջ ու բարձրացանք դեպի Մասյաց վիհ: Մեզ մոտ ունեցած GPS սարքով չափեցինք շրջադարձի կետից մինչև Խոր Վիրապի վանք ճանապարհը` 8 կմ: Մեքենայի ճանապարհը տարավ մեզ դեպի խորխորատ վիհի մուտքի մոտ, որտեղ գտնվում էր Ենիդողան քրդական գյուղը:
Գյուղն անմիջապես գտնվում է հին Ակոռիից ընդամենը 200-300 մ ներքև: Մեքենան կանգնեցնելուց հետո սկսեցինք բարձրանալ դեպի վիհի խորքը, վերջապես հասանք այն հատվածին, որտեղից ակնհայտ երևում էր բլուրի փլվածքը դեպի կիրճ, որի տակ է մնացել Ակոռի գյուղն ամբողջությամբ: Շուրջ 3 ժամ շրջելով տարածքով՝ հանդիպեցինք մի քուրդ հովվի, որը համաձայնեց ուղեկցել դեպի կիրճի մեջ գտնվող խաչեր:
Զարմանքի ու տպավորությունների մասին
Զարմանքը մեծ էր, երբ շուրջ 20 րոպե բարձրանալուց հետո հասանք մի ժայռի, որի վրա փորված էին 5 խաչեր: Վիհի տարածքը լավ ուսումնասիրելուց և շրջելուց հետո սկսեցինք իջնել դեպի մեքենան, երբ հանդիպեցինք մի տարեց մարդու, ով ցույց տվեց դեպի Ակոռիի գերեզմանատուն տանող ուղղությունը: Բոլորս շտապեցինք դեպի այնտեղ: Հասնելուն պես տեսանք մի ամբողջ դաշտ` կանգնած և գետնին ընկած խաչքարերով, յուրաքանչյուրը՝ յուրովի, մեկը մյուսից գեղեցիկ և արվեստով լի: Խմբի անդամներից մեկը մեկ առ մեկ սկսեց հաշվել դրանք, և, ի վերջո, պարզվեց խաչքարերի թիվը` 107:
Ավելի քան վստահ ենք, որ դրանցից շատերը կոտրվել են, մնացել են գետնի տակ, տեղահան արվել և այլն: Անմիջապես գերեզմանատնից մի քանի հարյուր մետրի վրա տեղակայված էր ռազմաբազան: Բարեբախտաբար, որևէ խնդրի չհանդիպեցինք: Բոլորս անսպասելի ուրախ էինք և տպավորված տեսածով, մեզանից ոչ մեկը չէր էլ պատկերացնում, որ կարող է նման հետաքրքիր և արժեքավոր տեղանքի հասնել: Ցավոք, մեզ չհաջողվեց գտնել Ակոռիի Սբ. Հակոբ եկեղեցին, քանի որ զինորական խումբը թույլ չտվեց մեզ բարձրանալ դեպի վեր, որտեղ ենթադրաբար գտնվում էին Սբ. Հակոբի ավերակները: Սակայն մենք հստակ տեղեկություններ ունենք, որ Սբ. Հակոբի ավերակները պահպանվել են և առաջիկայում անպայման վերադառնալու ենք դեպի Ակոռի` այլ ճանապարհով վանքին հասնելու մտադրությամբ:
Բացահայտումների մասին
Ուղևորությունը լի էր բացահայտումներով. հաջորդ օրը մենք բարձրացանք Արարատ լեռան արևմտյան ստորոտ և մոտ 2000-2200 մ բարձրության վրա գտանք մի մեծ հայկական բնակավայրի ավերակներ, որի մասին դեռ տեղեկություններ հստակ չունենք: Այնտեղ կային հսկա քարերից կառուցված շինություններից՝ մինչև ուշ շրջանի պատկանող բազմաթիվ խաչքարեր: Ինչևէ, այն առաձին հետազոտման և ներկայացման կարիք ունի: Երրորդ օրը ետ վերադառնալու ճանապարհին այցելեցինք դեպի Չուկուռայվա կոչվող գյուղ, որի տարածքում է գտնվում Ծառաքարի նորահայտ վիմափոր վանքը: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին՝ վանքի մասին տեղեկություններ և կոորդինատներ տրամադրելու համար:
Ինչ ծրագրեր կան, որոնք կիրագործենք 2014 թվականին
Հաջորդ տարվա համար արդեն պլանավորում ենք բարձրանալ այս անգամ Արարատ լեռան հյուսիս-արևմտյան ստորոտը, որտեղ գտնվում է Ցոլակերտ կոչվող բերդաքաղաքը: Իսկ լեռնագնացության ուղղություններից մենք յուրաքանչյուր տարի իրականացնելու ենք Հայկական լեռնաշխարհի 4 խոշոր գագաթների վերելքը, որը մենք պայմանականորեն կոչել ենք «Ոսկե քառյակ» (Սիս՝ 3925մ, Սիփան՝ 4058մ, Արագած՝ 4090 մ, Արարատ՝ 5165մ):
2014 թվականին կբացահայտենք նաև Արևմտյան Հայաստանում գտնվող Խաչքարի լեռնաշղթան: