
Բիձինա Իվանիշվիլին այսօր կհայտարարի իր իրավահաջորդի մասին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարելու է իր իրավահաջորդի մասին: «Վրացական երազանք» դաշինքի քաղխորհուրդն այսօր կքննարկի Իվանիշվիլիի ներկայացրած թեկնածուի հարցը, ինչից հետո վարչապետն իր ընտրած թեկնածուին կներկայացնի խորհրդարանական մեծամասնությանը:
Այդ հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 15.00-ին, դաշինքի կենտրոնական գրասենյակում: Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի վարչապետի պաշտոնում դիտարկվելու է երկու թեկնածություն. աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկո և ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլի:
Անգամ հաղորդվում էր, որ եթե Գարիբաշվիլին դառնա Վրաստանի վարչապետ, ապա ներքին գործերի նախարարի պաշտոնում նրան կփոխարինի էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Կախա Կալաձեն: