Բաժիններ՝

Արոնյանը աշխարհում երկրորդն է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2801 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նոյեմբերյան վարկանիշում։

Աշխարհի լավագույն շախմատիստների ցանկում Արոնյանը զիջում է շախմատային թագի հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կառլսենին (2870). Երրորդ տեղում է ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը (2793)։ Շախմատային թագի համար մրցապայքարում Կառլսենի և նրա մրցակից Վիշվանաթան Անանդի միջև տարբերությունը 95 միավոր է։

Արոնյանի վարկանիշը 2010 թ.–ից հետո առաջին անգամ 2800 միավորից ցածր էր իջել Սենտ Լուիսում կայացած Sinquefield Cup մրցաշարում անհաջող խաղից հետո, որի ժամանակ շախմատիստը զբաղեցրեց միայն երրորդ տեղը` զիջելով Կառլսենին և Խիկարու Նակամուրային։

Արոնյանը Հայաստանի առաջին ներկայացուցիչն էր, ով 2010 թ.–ին գերազանցեց շախմատային բարձրագույն սահմանագիծը (2800 միավոր), նա դարձավ պատմության մեջ 6–րդ շախմատիստը, ով կարողացավ նվաճել այդ գագաթը։ Ավելի վաղ նման հաջողության են հասել Գարի Կասպարովը (1989 թ.), Վլադիմիր Կրամնիկը (2001), Վեսելին Տոպալովը (2006), Վիշվանաթան Անանդը (2007) և Մագնուս Կառլսենը (2009)։

Կարդացեք նաև

Հոկտեմբերին Bilbao Final Masters–ի Մեծ սաղավարտի մրցաշարում տարած հաղթանակը Արոնյանին թույլ տվեց բարելավել սեփական դիրքերն ու վերադառնալ «2800 միավորի ակումբ»։ Մրցաշարում Արոնյանի մրցակիցներն էին ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը, անգլիացի Մայքլ Ադամսը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավը։

Վարկանիշային աղյուսակի առաջին հարյուր շախմատիստների թվում ևս հինգ հայ շախմատիստներ կան` Սերգեյ Մովսիսյանը (49–րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (63), Գաբրիել Սարգսյանը (71), Տիգրան Պետրոսյանը (89) և Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Գարամյանը (91)։

Աշխարհի լավագույն շախմատիստուհիների վարկանիշում 31–րդ տեղը զբաղեցնում է Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 40–րդն է։

Արոնյանը 2005 թվականի Շախմատի աշխարհի գավաթակիր է, Թուրինի 37-րդ (2006), Դրեզդենի 38-րդ (2008) համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն և Ստամբուլի 40-րդ (2012) համաշխարհային շախմատային օլիմպիադաների չեմպիոն` Հայաստանի կազմում: Լինարեսի (2006) և Վեյկ-ան-Զեեի՝ 2007, 2008 և 2012 թվականների գերմրցաշարերի, Տալի՝ 2006, 2010 և 2011 թվականների հուշամրցաշարների, ինչպես նաև Ստեփանակերտի մրցաշարի հաղթող է:

Ըստ ԱՌԿԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս