«Պետք է շրջվել դեպի գիտությունը, այլապես մենք կործանում ենք այն»

Ասում է Կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյանը

– Պրն Մելքումյան, Ձեզ մեր թերթի խմբագրություն բերել է բողոքը` գրագողության վերաբերյալ, կպատմե՞ք` ի՞նչն է Ձեզ վրդովեցրել:

– 5-րդ տարին է` ես բացահայտել եմ, որ ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանը` չունենալով գիտական նորություններ, սակայն ունենալով դոկտոր դառնալու ախորժակ, դիմել է խարդախությունների և գրագողությունների, մասնավորապես` արտագրելով ռուս կենդանաբան Սերգեյ Կուզմինի գրքից 129 էջ և այլ տեղերից ևս նյութեր գողանալով, նույնիսկ արտագրել է գրականության ցանկը և ստանալով «բարի քեռիների» (որոնք գիտությունը զոհաբերել են զանազան անառողջ վերաբերմունքի համար) աջակցությունն ու նրանց երաշխավորագրերը` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 0.36 գիտական խորհրդում երկու մասնագիտության գծով` կենդանաբանություն և էկոլոգիա, պաշտպանել է, իբր թե, ատենախոսություն ու դարձել կենսաբանական գիտությունների դոկտոր:

Որոշ ժամանակ անց այդ մարդու աշխատանքը ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ոչ միայն հաստատել է, այլ տվյալ մարդուն մեկ ամիս հետո տվել է նաև պրոֆեսորի կոչում և նշանակել խորհրդի անդամ: Սա եզակի, անկրկնելի խայտառակություն է գիտության ոլորտում: Արդեն հինգ տարի է, ես գրում եմ, մոտավորապես 30 դիմում-բողոք եմ գրել` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ նախագահին և նրա աշխատակազմին, ՀՀ վարչապետին, ԵՊՀ ռեկտորին, ԲՈՀ-ի նախագահությանը: Ես պատկան մարմիններին խնդրել եմ, որ իմ դիմում-բողոքները չուղարկեն ոչ 0.36 խորհրդին, ոչ էլ ԲՈՀ-ի նախագահությանը, այլ խնդրել եմ ստեղծել չեզոք, անաչառ հանձնաժողով, որը կուսումնասիրի իմ ներկայացրած փաստերը, և դրա հիման վրա վերջ կդրվի այս խայտառակություններին:

Կարդացեք նաև

Այսպիսով հնարավոր կլինի գիտությունը մաքրել գրագողերից, խայտառակություններից, միջնորդություններից, հովանավորչությունից, զոռբայությունից և այլ անորոշ երևույթներից: Սակայն այն մարդիկ, որոնք կոչված են պահպանելու գիտության անաղարտությունն ու գիտության շահերը, հենց նրանք թույլ չեն տալիս, որպեսզի բացահայտվեն այդ գիտության խայտառակությունները: Այ սա է մեր երկրի դժբախտությունը:

– Ձեզ վրդովեցրել է միայն կոնկրետ արտագրությունը Ս. Կուզմինի աշխատանքներից, թե՞ նաև հենց կոնկրետ Ձեր աշխատանքներից էլ է «արտագրություն» կատարվել:

– Իմ աշխատանքն արտագրել է` առանց հղում կատարելու ոչ միայն տեքստում, այլև աշխատանքի հետևություններում, այսինքն` նաև եզրակացություններում: Բացի այդ, այնտեղ կան այնպիսի նյութեր, որոնք գիտության հետ ոչ մի կապ չունեն, դեկլարատիվ հայտարարություններ են:

Օրինակ, գրում է, որ մենք ուսումնասիրել ենք այսինչ տեսակների էկոլոգիան, սեռական կազմը, թվաքանակը և այլն, բայց նման ուսումնասիրություններ չկան: Ես բազմիցս բարձրաձայնել ու գրել եմ, որ այդ տղայի պաշտպանությունը եղել է թատերականացված ներկայացում` Երևանի պետական համալսարանում պաշտպանությունից սկսած` մինչև ԲՈՀ-ի նախագահություն՝ այդ ամբողջ ընթացքը: Իսկ այդ թատերական ներկայացման ժամանակ սցենարը և դերակատարներն ընտրվել են հատուկ ընտրությամբ, որպեսզի որևէ մեկը չկարողանա խանգարել այն: Ես, օրինակ, այդ առարկայի` էկոլոգիայի ուղղությամբ առաջին մարդն եմ Հայաստանում պաշտպանած և դոկտորի գիտական աստիճան եմ ստացել այդ ուղղությամբ, սակայն, փաստորեն, կոնկրետ այդ պաշտանության մասին տեղեկացված չեմ եղել:

– Ի՞նչ եք կարծում, սա եզակի՞ դեպք է, թե՞ նման պրակտիկան ընդհանրապես ընդունված է Հայաստանում՝ գիտության ոլորտում:

– Որքան տեղյակ եմ և տեղեկանում եմ, սա եզակի երևույթ չէ, նման բան տարբեր մասնագիտությունների գծով էլ հանդիպում է: Հրապարակված են բազմաթիվ հոդվածներ այս մասին, այսինքն` այն, որ գիտությունն ապականված է, այն դարձել է առևտրի և շուկայական հարաբերությունների առարկա, և դա ցավալի է:

– Ինչո՞ւ է այդպես:

– Ես կուզենայի, որ մենք լինեինք մեր երկրի տերը, և երկիրը կառավարվեր ազնիվ մարդկանցով, սակայն, ցավոք, այդպես չէ: Ա՛յ, հենց նման մարդիկ, ովքեր զարտուղի ճանապարհներով պաշտպանում են, վաղը չէ մյուս օրը պաշտոններ են ստանալու և ուրիշների հետ ևս կատարելու են այն, ինչ ճանապարհով իրենք են անցել… Պետք է շրջվել դեպի գիտությունը, գիտությունը մաքրել գրագողերից, զեղծարարներից, խարդախներից, հովանավորներից, բայց լսող չկա, սակայն պետք է լսել, անպայման լսել, այլապես մենք ոչ միայն գիտությունն ենք կործանում, կործանում ենք նաև մեր ամբողջ մշակույթը, մեր ամբողջ երկրի ապագան:

– Նախկինում նման բաներ չկայի՞ն:

– Լինում էին, սակայն, եթե 2-3 տող արտագրված էր լինում, ապա այդ մարդկանց զրկում էին գիտական աստիճաններից, կոչումներից, պաշտոններից: Ուրիշ փաստեր բերեմ: Մենք, օրինակ` թերթերում, հեռուստատեսությամբ և ռադիոյով լսում ենք ու կարդում ենք այն մասին, որ, օրինակ` Գերմանիայում մեծ պաշտոնների տեր մարդիկ, օրինակ` զինված ուժերի նախարարը, պլագիատի (գրագողության) համար ոչ միայն զրկվել է իր պաշտոնից, այլև` կոչումներից և գիտական աստիճաններից:

Այդպես է Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, նորմալ երկրներում, իսկ մեր երկիրը ես ինչպե՞ս կարող եմ կոչել նորմալ, եթե նման խարդախություններ կատարում են բարձրաստիճան պաշտոնյաները: Ի՞նչ է սա նշանակում. նախագահի աշխատակազմին 7 դիմում-բողոք եմ ուղարկել, որ գիտության ոլորտում կատարվում են խայտառակություններ, և ոչ մի արձագանք չեմ ստացել:

Բա չի՞ հետաքրքրվում, չե՞ն ասում, թե այս ի՞նչ խայտառակություն է, այս մարդը ինչո՞ւ է այդպես վրդովված գրում, ինչո՞ւ է անպատվում գիտության ոլորտում խախտումների հեղինակներին: Մինչև այս ամենը չքննարկվի՝ մենք նորմալ երկիր չենք կարող դառնալ: Ամեն անգամ, երբ գրում եմ ՀՀ նախագահին, նորից այդ նամակը նույն ընթացքն է ունենում. իմ դիմում-բողոքն ուղարկում են ԲՈՀ-ի նախագահությանը, նա էլ ուղարկում է այդ խորհրդին, իսկ վերջինս էլ գրում է, թե սրանից հետո մենք Մելքումյանի դիմումները չենք քննարկելու:

Ըստ Ձեզ` սա փակ շրջան է, և լուծում չկա՞:

– Այո, հենց այդպես է, սակայն հույսով-հավատով սպասում եմ, որ հենց «168 Ժամի» խմբագրությունը, այնուամենայնիվ, կձեռնարկի այս խոշոր գործի սկիզբը, ու կբացահայտվի ողջ ճշմարտությունը: Ես ակնկալում եմ, որ այս հոդվածի արդյունքում, այնուամենայնիվ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, որին գրել եմ ու առաջարկել եմ Ակադեմիայում քննարկել, թե այդ ինչպե՞ս է եղել, որ իրենց ակադեմիկոսները կարծիքներ են տվել մի աշխատանքի, որը ծայրից ծայր շինծու է ու, այսպես ասած, դեն գցելու բան է, ու վերջապես քննարկում կկազմակերպի, և կհայտնաբերվի, թե ինչու շատերը «չեն նկատել» նշյալ աշխատանքի շինծուությունը:

– Գրագողությունից բացի, ի՞նչ այլ խնդիրներ եք տեսնում գիտության ոլորտում և ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես այս ոլորտի վիճակը Հայաստանում:

– Գիտության ոլորտում, կարծում եմ, պետք է ֆինանսավորվեն այն մասնագետները, այն կազմակերպություններն ու այն լաբորատորիաները, որոնք ունեն համալրված գիտական կոլեկտիվ և կարող են գիտությունն առաջ տանել: Մեզ մոտ, սակայն, շատ հաճախ զարտուղի ճանապարհով ֆինանսավորում են իրենց ծանոթներին, իրենց կողմնակիցներին և այլոց, իսկ խորհուրդներ կազմում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով:

Մի խոսքով, իմ հիմնական եզրակացությունը հետևյալն է. պետք է շրջվել դեպի գիտությունը, այլապես մենք կործանում ենք գիտությունը: Խորհրդային ժամանակների գիտությունն այսպե՞ս է եղել, իհարկե՝ ո՛չ, ես խորհրդային տարիներին եմ պաշտպանել, լինելով Մանկավարժական ինստիտուտի դասախոս` հսկայական նյութեր եմ ստացել ու բազմաթիվ փորձեր եմ կատարել, և հետո միայն պաշտպանել եմ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Էկոլոգիայի ինստիտուտում, որը միակ ինստիտուտն է Խորհրդային Միության մեջ, ու այդպիսով դարձել եմ հանրապետության առաջին էկոլոգ-դոկտորը:

Դրանից հետո, երբ ոչ մի կոպեկ ֆինանսավորում չկար գիտության համար, ես թողել եմ այդ փորձարարական աշխատանքները և զբաղվել եմ ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր գրելով: Գրել եմ Հայաստանում բուհերի համար «Էկոլոգիայի հիմունքներ» առաջին դասագիրքը: Այնուհետև`նաև «Բնության պահպանության հիմունքներ», «Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ» դասագրքերը, իսկ այժմ պատրաստ է մի նոր գիրք, որի հրատարակման համար, սակայն, միջոցներ չկան, իսկ Խորհրդային Միության ժամանակ, բավական էր` գիրք գրեիր, այն անմիջապես հրատարակում էին` իհարկե, երբ կարդում էին ու այն օգտակար էին համարում ուսանողների և գիտության համար, այսօր, սակայն, հրատարակում են միայն ծանոթներ, բարեկամներ, միջոցներ ունեցողները:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս