Կլիմայական ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում Հայաստանում
Երկրագնդի գլոբալ տաքացումը մարդկության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս ամենը հաստատվել է տարբեր գիտական հետազոտություններով, որի արդյունքում` գիտնականները փորձում են հնարավորինս ճշգրիտ կանխատեսում կատարել առաջիկա մի քանի տասնյակ տարիների համար: Արդյունքում` ամբողջ աշխարհում այս ուղղությամբ կատարվող կլիմայի փոփոխությունների գնահատումը կարող է հիմք հանդիսանալ այս կարևորագույն խնդրից առաջացած տարբեր ենթախնդիրների լուծման համար:
Մեր երկրում ևս արդեն տարիներ շարունակ այս ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Համլետ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեր երկրում այս ընթացքում Հայաստանի կլիմայական բնութագիրը որոշակիորեն փոփոխվել է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ճշգրտումներ մտցնել կլիմայի փոփոխության սցենարների մեջ:
Ըստ Հ. Մելքոնյանի՝ վերջին 80 տարիների ընթացքում Հայաստանի տարածքում դիտվել է տարեկան ջերմաստիճանի աճ` 0.85 աստիճանով, և տեղումների նվազում` 6%-ով: Սակայն ՀՀ տարածքի տարբեր շրջաններում, տարբեր եղանակների ժամանակ ունեն տարբեր միտումներ: «Օրինակ, ըստ փաստացի տվյալների՝ Սյունիքի մարզում տեղումները որոշակի ավելանում են, Սևանա լճի ավազանի մի հատվածում տեղումների որոշակի ավելացում է նկատվում, իսկ մյուս կեսում` նվազում»,- ասաց Հ. Մելքոնյանը:
Նրա խոսքով` աշխարհում գոյություն ունեն գլոբալ մոդելներ և տարածաշրջանային մոդելներ, որոնց միջոցով յուրաքանչյուր երկիր փորձում է գնահատել իր տարածքում կլիմայի և ջերմաստիճանների փոփոխությունները: «Ապագայի համար մենք փորձել ենք գնահատել մեր հանրապետության տարածքը Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկված տարածաշրջանային մոդելով, որի արդյունքում ստացել ենք մեր հանրապետության տարածքում սպասվելիք սեզոնային փոփոխությունները` ըստ տարիների»,- ասաց Հ.Մելքոնյանը:
Ըստ այդ կանխատեսումների` 2011-2040 թվականների ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանն իր նորմայից բարձր կլինի 1.1- 1.5 աստիճան ցելսիուսով: 2041-2070 թվականների ընթացքում այդ թիվը կաճի մինչև 2-3 աստիճանով, իսկ 2071-2099 թվականներին` 3.5-5.5 աստիճան ցելսիուսով: «Այս թվերը ստացվում են, երբ մասնագետները դրանք համեմատում են 61-90 թվականների միջին ջերմաստիճանների հետ, այդ տարիների հետ համեմատությունն ընդունված է բոլոր երկրներում»,- ասաց Հ.Մելքոնյանը:
Ըստ մեր զրուցակցի` ջերմաստիճանի բարձրացման խնդրի հիմքում ընկած է ջերմոցային գազերի արտանետումների քանակը, որոնց նվազման ուղղությամբ դեռևս իրատեսական համաձայնություն չկա տարբեր երկրների միջև, քանի որ զարգացած երկրները փորձում են իրենց արդյունաբերությունն էլ ավելի հզորացնել, ինչը կապված է վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հետ, ինչի արդյունքում ավելի շատ ջերմոցային գազեր են արտանետվում:
Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ին առընթեր Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն`ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 2010թ. հասել է ռեկորդային քանակի: Օդում վնասակար նյութերի`ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի տարածման արագությունը գերազանցում է վերջին տարիներին նյութերի տարածման միջին արագությունը:
Ըստ մասնագետի` ջերմաստիճանի բարձրացման խնդրի հիմքում, գործարաններից ու արտադրություններից բացի, կանգնած են նաև մարդկանց թվի ավելացումը, գյուղատնտեսության վարման ձևերը, անտառների հատումը և այլն: Այս բոլորը միասին փոխկապակցված ազդում են մթնոլորտում ջերմոցային գազերի ավելացման վրա, ինչն իր հերթին` լուրջ ազդեցություն կարող է ունենալ ինչպես` մարդկանց առողջության, օրինակ, սրտի իշեմիկ և այլ հիվանդությունների ավելացման վրա, այնպես էլ` գյուղատնտեսության վրա, օրինակ` երաշտների կրկնության աճի վրա, և այլն: Ըստ Հ. Մելքոնյանի` օրինակ, վերջին 40 տարվա ընթացքում ավելացել է երաշտի հաճախականությունը, ինչն իրականում պայմանավորված է ջերմային և ցրտային ալիքներով և տարբեր վտանգավոր հիդրոօթերևութաբանական երևույթներով, որոնք էլ անմիջականորեն ազդում են տարբեր տեսակի գյուղատնտեսական կուլտուրաների վրա: Արդյունքում, ջրման նորմերի վերանայման և այլ հարցեր են առաջանում:
«Այսինքն`կլիմայական փոփոխությունների`ջերմաստիճանի, խոնավության, գոլորշիացման, տեղումների քանակի և այլ խնդիրների արդյունքում` գյուղատնտեսական կուլտուրաների բերքը հիմնականում կնվազի»,- ասաց Հ.Մելքոնյանը` նշելով, որ ջերմաստիճանի բարձրացման արդյունքում աճի միտում կնկատվի միայն խաղողի պարագայում, քանի որ այն հիմնականում ջերմասեր կուլտուրա է: Այդուհանդերձ, խաղողի բերքի վրա կլիմայական փոփոխությունները ևս լրացուցիչ հետևանքներ կունենան, ու անհրաժեշտ կլինի վերանայել խաղողի մշակման մոտեցումները:
Հ. Մելքոնյանի խոսքով` մեր երկրում, Խորհրդային Միության խլուզումից հետո, ջերմոցային գազերի արտանետումները չափազանց նվազել են, ինչը պայմանավորված է արտադրության և հիմնականում` արդյունաբերության ծավալների կրճատմամբ, սակայն ջերմաստիճանի բարձրացման լուրջ ազդեցությունը մարդկանց վրա մեղմելու համար, հարմարվողականության միջոցառումների մշակում է նախատեսվում: Օրինակ` դրա համար անհրաժեշտ է բազմաթիվ ծառեր տնկել ու անտառները վերականգնել, բացի այդ, խրախուսվում է նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը, օրինակ` արևի էներգետիկ ռեսուրսները, քամու և այլն:
Ըստ Հ. Մելքոնյանի` իրենք այս ուղղությամբ տարբեր ատլասներ են կազմել ու առաջարկություններ կատարել: «Մեր երկիրը կարող է իր մասն ունենալ այս կարևորագույն խնդրի`երկրագնդի գլոբալ տաքացման պրոբլեմի լուծման հարցում: Ուստի անհրաժեշտ է` այնպիսի քաղաքականություն վարենք, որ մեր կարողությունները կարողանանք հզորացնել և դիմակայել ջերմաստիճանի բարձրացմանը`իհարկե, մեր հնարավորությունների չափով»,- ասաց Հ.Մելքոնյանը: