Արմեն Գևորգյան. Այսօր Հայաստանի գլխավոր օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկը պայքարն է երեխաների թրաֆիքինգի դեմ
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքների մասնացելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Փոխվարչապետը, ով նաեւ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահն է, հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերի կոմիտեի նախագահ Պեկա Հիվոնենի (Pekka Hyvönen) եւ Մարդկանց շահագործման դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) քարտուղարության ղեկավար Դավիթ Դոլիձեի հետ:
Զրուցակիցները քննարկեցին ԵԽ փորձագիտական խմբի շրջանակում համագործակցությանը, թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: Կոմիտեն ԳՐԵՏԱ-ի կողմից կոնվենցիայի կատարման վերաբերյալ պատրաստված զեկույցների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրներին:
Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը, որպես կոնվենցիայի կողմ երկիր, մեծ նշանակություն է տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին եւ վերահաստատում է ԵԽ փորձագիտական խմբի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Անդրադառնալով իրականացվող աշխատանքներին` Ա. Գեւորգյանը նշեց, որ կառավարությունն այս տարի հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը, որը մշակելիս հաշվի են առնվել նաեւ կոնվենցիայի կատարման վերաբերյալ առաջին զեկույցի հանձնարարականներն ու առաջարկությունները, որոնք ներկայացրել էր Կողմերի կոմիտեն:
Նա տեղեկացրեց, որ մշակման փուլում է գտնվում «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը շուտով կուղարկվի ԳՐԵՏԱ-ի փորձաքննությանը:
Հայաստանն ընդունել է ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի գործադիր քարտուղարի առաջարկը, եւ նոյեմբերին ԳՐԵՏԱ-ի համապատասխան փորձագետի մասնակցությամբ կլոր սեղան կանցկացվի` քննարկելու համար ինչպես նշված նախագծերը, այնպես էլ Հայաստան-ԳՐԵՏԱ համագործակցության հարցերի ողջ շրջանակը:
«Այսօր Հայաստանի գլխավոր օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկը պայքարն է երեխաների թրաֆիքինգի դեմ, որը մեր երկրի համար անընդունելի եւ նոր մարտահրավեր է։ Մյուս` համեմատաբար նոր ուղղությունը աշխատանքային թրաֆիքինգն է։ Ներկայումս մեր երկիրն ուսումնասիրություն է նախաձեռնել՝ բացահայտելու համար այդ երեւույթի պատճառները, միտումներն ու իրական մասշտաբները»,- ընդգծեց փոխվարչապետը:
Ա. Գեւորգյանը նշեց, որ չնայած վերջին շրջանում արձանագրված առաջընթացին եւ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում նախկին 2-րդ խմբի փոխարեն` 1-ին խմբի երկրների շարքում դասվելու հանգամանքին, անելիքներ դեռ կան, եւ առկա ու ի հայտ եկող խնդիրները լուծելու հարցում հայկական կողմը կարեւորում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Նա նկատեց, որ արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձեւավորված միջազգային, տեղական հասարակական կազմակերպությունների եւ կառավարության միջեւ:
Պեկա Հիվոնենին նշեց, որ տպավորված է թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի արձանագրած արդյունքներով, եւ Հայաստանի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է համարում:
Զրուցակիցները քննարկեցին Կողմերի կոմիտեի ներկայացրած առաջարկությունների կատարմանը վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հայկական կողմը պետք է ներկայացնի 2014 թ-ի նոյեմբերին:
ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանի մյուս հանդիպումը Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նիգել Մերմագենի եւ Լյուդմիլա Սֆիրլոգայի հետ: Կոնգրեսը դիտարկում է իրականացնում անդամ երկրներում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ եւ համապատասխան զեկույց է պատրաստում ու ընդունում: Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին վերջին զեկույցը Կոնգրեսի կողմից ընդունվել է 2003թ-ին:
Զրուցակիցները քննարկեցին նոյեմբերին դիտարկման նպատակով զեկուցողների Հայաստան այցի եւ երկրում տեղական ժողովրդավարության ուղղությամբ իրականացված աշխատանքների հետ կապված հարցեր: Զեկուցողները նշեցին, որ թե 2012թ. Հայաստանում ՏԻՄ ընտրությունների, թե 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդական պատվիրակությունների, ինչպես նաեւ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար առիթ ունեցել են այցելել Հայաստան եւ տեղյակ են, որ 2003թ. ընդունված զեկույցից հետո Հայաստանում տեղական ժողովրդավարության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ են իրականացվել:
Զեկուցողների խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց կատարված աշխատանքների եւ նախատեսվող բարեփոխումների մասին: Նա նշեց, որ Հայաստանն արդեն ստորագրել եւ վավերացրել է Եվրոպայի խորհրդի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող կարեւորագույն կոնվենցիաներն ու արձանագրությունները, մասնավորապես` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան:
Ներկայումս տեղական ժողովրդավարության համատեքստում բարեփոխումների լայն օրակարգ է առկա, որը ներառում է վարչատարածքային, ավագանու ինստիտուտի հզորացման, ֆինանսական համահարթեցման եւ այլ ուղղություններ: Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրում եւս հայկական կողմի առաջարկությամբ ներառված են տեղական ժողովրդավարությանը վերաբերող կարեւոր նախագծեր: Զրուցակիցները քննարկեցին դիտարկման իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր:
Հոկտեմբերի 29-ին փոխվարչապետը Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի լիագումար նիստում հանդես կգա ելույթով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին