
Գյուղացին վար կատարելու համար տրակտոր չի ճարում

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներից մեկը աշնանացան ցորենի դաշտը վարելու համար 5 օր շարունակ ապարդյուն տրակտոր է որոնել հայրենի գյուղում, հետո տրակտոր ճարել հարեւան Կողբում, սակայն այն տեխնիկապես անսարք է դուրս եկել եւ բերդավանցու դաշտը չի վարել: Տավուշի մարզում առկա գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, տարբեր ծրագրերով ստացվող նոր գյուղտեխնիկան քիչ է:
tesankyun.am-փոխանցմամբ` Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանին հարցրեցինք, թե 1431 հա վարելահող ունեցող գյուղում վարող քանի՞ տրակտոր կա: Նա ասաց, որ երկու վարի տրակտոր կա, սակայն տրակտորիստներից մեկը ամեն տարի մոտ իր համար մոտ 25 հա վար է կատարում եւ ժամանակ չունի համագյուղացիների դաշտերը հերկելու: Արարատ Գաբրիելյանից կայքը տեղեյացել է , որ պետական աջակցության ծրագրով,լիտրը 350 դրամով Բերդավանին տրվել է 4 տոննա դիզելային վառելիքի չափաբաժին, Բերդավանից առայժմ 2 տոննա դիզվառելիքի հայտ է ներկայացվել :
Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանին հարցրեցինք, թե անցյալ տարի մարզում որքա՞ն աշնանացան ցորեն է ցանվել: Վ. Սուքոյանն ասաց, որ անցյալ տարի մարզում եղել 6160 հեկտար աշնանացան, իսկ այս տարի կլինի մոտ 6500 հեկտար: Մարզի գյուղատնտեսները այս թվերը կասկածահարույց են համարում: