Հայաստանում օձերի վրա չիպ են տեղադրում
Հայաստանում եղած օձերի, մասնավորապես՝ Հայկական իժի և Դարևսկու իժի վրա՝ նրանց պահպանության նպատակով, չիպեր են տեղադրում: Այս աշխատանքները մեր երկրում առաջին անգամ ձեռնարկել է ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը: 168.am-ի հետ զրույցում Լ. Աղասյանը նշեց, որ օձերի վրա տեղադրում են երկու տեսակի չիպեր, որոնցից մեկը կոչվում է՝ ռադիոհաղորդիչ, իսկ մյուսը` պասիվ չիպեր:
«Ռադիոտրանսմիտրները (ռադիոհաղորդիչները) տեղադրում են վիրահատության միջոցով, որոնք հեռակառավարման ալեհավաքով օձերին հետևելու հնարավորություն են տալիս, իսկ պասիվ չիպերը ենթամաշկային սրսկման միջոցով ենք տեղադրում օձերի վրա, որոնք շատ փոքր են և ունեն սքաներ, որի միջոցով ուսումնասիրում ենք կենդանու չափերը, փոփոխությունները, այսինքն` ձևաբանական ուսումնասիրություններ ենք կատարում»,- ասաց Լ.Աղասյանը:
Նա նշում է, որ ռադիոտրանսմիտրների միջոցով կարողանում են հետևել օձերին մոտ 3 կմ տարածության վրա, ինչը հնարավորություն է տալիս պարզելու նշյալ կենդանու բնակության վայրը, տեղաշարժման ուղղությունը, տարածվածության սահմանները և այլ տեղեկություններ: Արդյունքում՝ մասնագետները հնարավորություն են ունենում քարտեզագրել բոլոր տարածքներն ու հետագայում դրանք ընդգրկել արգելված ազգային պարկի մեջ կամ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալ դրանց ու այդպիսով՝ նշյալ օձերին փրկել ոչնչացումից:
Մեր զրուցակիցը նշում է նաև, որ նմանատիպ չիպերի տեղադրումը բավականին թանկ արժե, որը հնարավոր է դարձել` ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում գտնվող կենդանաբանական այգու Սողունաբանության բաժանմունքի վարիչի հետ համագործակցության արդյունքում:
Տեղեկացնենք նաև, որ Հայաստանում ռադիոտրանսմիտրներ տեղադրվել են թվով մոտ 60 օձերի վրա, իսկ պասիվ չիպեր` մոտ 140 օձերի վրա:
Այս աշխատանքները մեր երկրում սկսվել են դեռևս 2004 թվականից: Նշենք, որ Հայկական իժը և Դարևսկու իժը գրանցված են՝ Հայաստանի, ինչպես նաև՝ միջազգային Կարմիր գրքերում: