Բաժիններ՝

Հայաստանն ինքն է խուսափել ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացումից՝ Ռուսաստանին «չնեղացնելու» համար

168.am-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:

– ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է կրկին այցելել ԱՄՆ, բայց ինչինչ պատճառներով ամերիկյան կողմն այցը հետաձգեց: Ձեր կարծիքով` պատճառը ԱՄՆ ներքին անհանգստություննե՞րն են, թե՞ այլ պատճառ կա:

– Պատճառը հավանաբար ԱՄՆ կառավարության մասնակի պարապուրդն է, որի հետևանքով առկախվել կամ հետաձգվել են տարբեր ծրագրեր, ընդ որում, արտաքին քաղաքականության ոլորտում՝ ելնելով դրանց առաջնահերթությունից։ Վստահ չեմ՝ արդյոք այլ նկատառումներ հաշվի առնվե՞լ են, թե՞ ոչ։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունք կարելի է արձանագրել 2012-ի դեկտեմբերին կատարած այցից հետո՝ այս ժամանակաշրջանում, և Մաքսային միությանը ՀՀի անդամակցելու մասին հայտարարությունից հետո առաջացած նոր իրողության պայմաններում ի՞նչ կարելի է սպասել առաջիկա այցից, եթե այն, ի վերջո, կայանա: Կկարողանա՞ Սարգսյանը ֆինանսական աջակցություն գտնել:

– Չեմ կարծում՝ կոնկրետ արդյունք կարելի է ակնկալել։ Հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական օրակարգը վերջին տասը-տասնհինգ տարում կենտրոնացել է Հայաստանի բարեփոխումներին աջակցության ԱՄՆ կառավարական օժանդակության վրա, ընդ որում՝ ինչպես արտաքին օժանդակության ավանդական խողովակներով, այնպես էլ՝ «Հազարամյակի մարտահրավերների» հաշվին։ Ինչպես հայտնի է, ավանդական օժանդակության ծավալը տարեցտարի նվազում է, իսկ ՀՄ հաշվի գծով օժանդակությունը վերջին հինգ տարիներին պարզապես կասեցված է։ Այս օժանդակությունից բացի, Հայաստանը նաև ձգտել է ԱՄՆ-ի հետ պայմանագրային դաշտ ձևավորել առևտրական ու ներդրումային զանազան ոլորտներում՝ ազատ առևտուր, կրկնակի հարկումից խուսափում, և այլն։ Իրավապայմանագրային համագործակցության ոլորտում ՀՀ քայլերը սպասված արդյունքի առայժմ չեն բերում երկու հիմնական պատճառով՝ առևտրատնտեսական շրջանառության փոքր ծավալ և Հայաստանի տնտեսության կառուցվածքային ու կառավարման թերություններ՝ կոռուպցիա, մենաշնորհներ, օրենսդրական և իմպլեմենտացիոն անկատարություն, ներդրումային խոչընդոտներ, ինչը բնավ չի նպաստում Հայաստանի նկատմամբ ամերիկյան գործարար շրջանակներում հետաքրքրության աճին։ Եթե բիզնեսը հետաքրքրված չէ, և իր տեսակետները չի հայտնում Կոնգրեսում ու Սպիտակ տանը, ապա Հայաստանի կառավարության և ամերիկահայ համայնքի ջանքերն այստեղ բավարար չեն, մանավանդ, որ ջանքեր առանձնապես չեն էլ գործադրվում։

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական լուրջ հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ մի քանի՝ համեմատաբար խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի վրա՝ միջուկային էներգետիկա, տիեզերական/արբանյակային հզորությունների ստեղծում և, թերևս, ավիացիայի վերածնունդ։ Հայաստանը կարող էր լուրջ կերպով աշխատել ԱՄՆ-ի հետ միջուկային նոր ռեակտորի կառուցման, շահագործման ու կադրերի պատրաստման ուղղությամբ, ներառյալ՝ ֆինանսավորումը։ Հնարավոր էր նաև սկսել կապի արբանյակի արձակման ծրագրի աշխատանք։ Ավիացիոն ոլորտում կարելի էր քաղաքացիական ավիահաղորդակցության կառավարման համակարգ ներդնել, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինել Հայաստանում գրեթե վերացած այդ կարևորագույն ոլորտի վերակենդանացմանը։

Այս ամենը երևակայության արդյունք չեն․ նշված բոլոր հարցերի շուրջ անցած 15 տարում Միացյալ Նահանգների հետ եղել են քննարկումներ, հիմնականում՝ ամերիկյան կողմի, ներառյալ՝ խոշոր կորպորատիվ շրջանակների նախաձեռնությամբ, սակայն Հայաստանը հետևողականորեն խուսափել է հարցերին ընթացք տալուց՝ գերադասելով չմտնել ամերիկացիների հետ նման գործարքների մեջ։ Պատճառն, ըստ իս, եղել է հոգեբանական (սառըպատերազմյան կարծրատիպերը և ռուսներին «չնեղացնելը»), թեև նշված բոլոր ծրագրերն էլ միանգամայն իրականանալի են։ Ցավոք, տարված քաղաքականության արդյունքն այսօր այն է, որ Հայաստանում որևէ լուրջ ամերիկյան ընկերության որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել։ Կան առանձին ծրագրեր ՏՏ բնագավառում, կա սփյուռքահայ գործարարների կողմից տարվող որոշ գործունեություն, սակայն եղածը խիստ անբավարար է։

Մաքսային Միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարությունից հետո, կարծում եմ, հարցերն է՛լ ավելի դժվար ընթացք կունենան, քանի որ Հայաստանը կզրկվի առևտրատնտեսական հարցերում ինքնուրույն որոշում կայացնելու, առավել ևս՝ ինքնուրույն առևտրատնտեսական քաղաքականություն վարելու իրավունակությունից։ Այդ հարցերը կկարգավորվեն Մոսկվայում, և Հայաստանն էլ կառաջնորդվի Մոսկվայի ցուցումներով։ Հետևաբար՝ չեմ տեսնում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների որևէ ոլորտ, որտեղ կարելի լիներ ակնկալել ավելին, քան մինչ այսօր արվել է։

– ՀՀում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը սեպտեմբերի 3-ից հետո հայտարարել է, որ Հայաստանն ինքն է ընտրում իր ուղին, Մաքսային միությունում չկա որևէ բան, ինչը կխանգարեր Հայաստանին կատարելու բոլոր կարևորագույն ոլորտներում բարեփոխումները, ինչին կշարունակի աջակցել Միացյալ Նահանգները: Այնուամենայնիվ, Ձեր գնահատականով՝ ի՞նչ կփոխվի ՀՀԱՄՆ հարաբերություններում:

– ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներուժը չի յուրացվում միայն ու միայն Հայաստանի դժկամության և անկարողության պատճառով։ Հայաստանն՝ ինքը, տարիներ շարունակ ձգտել է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմավարական արժեք ներկայացնող որևէ հարցում որևէ ծավալուն համագործակցություն իրականացնելուց։ Ինչպես դեսպան Հեֆերնն է ասել, ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանում բարեփոխումներին, և հայ-ամերիկյան հարաբերությունների ապագա որակը կախված է առաջին հերթին՝ այդ բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի առաջընթացից ու դրա հիման վրա երկուստեք համագործակցության լուրջ փորձ զարգացնելու՝ Հայաստանի ցանկությունից։

– Սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ պաշտոնյաների հնչեցրած առաջին հայտարարությունները բավականին կոշտ էին, բայց տեսնում ենք, որ հետզհետե դրանք մեղմվում են: ՀՀԵՄ հարաբերությունների զարգացման ի՞նչ հնարավորություն եք տեսնում:

– Տեսնում եմ այնքան, որքան Հայաստանն ընդունակ է իրականացնել՝ ոչ դեկլարատիվ հայտարարություններով, այլ իրական, ամենօրյա, շահագրգիռ ու մանրակրկիտ աշխատանքով։ Ցավոք, Հայաստանն իրեն զրկում է եվրոպական ինտեգրացման հեռանկարից և գերադասում մնալ ռուսական ուղեծրում։ Սա նշանակում է, որ ասոցացման շրջանակի լիարժեք հնարավորություններին Հայաստանն այլևս չի կարող հավակնել։ Մյուս կողմից՝ Հայաստանը նաև հայտարարել է, որ Եվրոպայի հետ կաշխատի այնպես և այնքանով, որքանով դա չի հակասում Ռուսաստանի հետ իր շահերին։ Թերևս այդ լուսանցքն էլ պետք է դիտարկել՝ իբրև Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների հնարավոր սերտացման եզր։ Կրկին ամեն ինչ կախված է Հայաստանի, ոչ թե որևէ այլ կողմի ցանկությունից, քանի որ Հայաստանն ինքն է իր հնարավորությունները սահմանափակել, և ինքն է, որ դրանք պետք է արգելազերծի։

– Տեսակետ կա, որ ՄՄին միանալը ոչ թե ՀՀի, այլ՝ Արևմուտքի և Ռուսաստանի որոշումն էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Չեմ ցանկանա նույնիսկ մեկնաբանել այդ պնդումը, որովհետև այն անհեթեթություն է։

– Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից՝ ԱՄՆԻրան հարաբերություններ, Սիրիայի շուրջ զարգացումներ, Թուրքիայի հետ չհաջողված ֆուտբոլային դիվանագիտություն, ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը:

– Հայաստանի ռազմավարական հորիզոնի վրա ոչինչ այնպիսի հիմնարար ազդեցություն չի ունենա, ինչպես ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը։ Հայաստանը, սակայն, պետք է կարողանա պահպանել այնքան քաղաքական ու տնտեսական ինքնուրույնություն, որ ի վիճակի լինի օգտվել այդ կարգավորումից, ոչ թե վանի իրեն, ինչպես արեց եվրոպական ինտեգրացման դեպքում։ Սիրիայում կարգավորումն առաջին հերթին՝ թույլ կտա պահպանել սիրիահայ համայնքը և, իհարկե, կայունացման գործոն կլինի տարածարջանում։ Հայաստանը, թերևս, անմիջականորեն չի օգտվի դրանից, սակայն սիրիական կայունացման և ամերիկա-իրանական բարելավման պարագայում նոր հնարավորություններ կստեղծվեն տարածաշրջանում ընդհանրապես իրավիճակի  բարելավման համար։ Կաճի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը, քանի որ այն կառուցվածքային ազդեցություն ունի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ներուժը լիարժեքորեն իմաստավորելու և կենսագործելու վրա։ Հայաստանը կարող է լինել այս գործընթացի ակտիվ մասնակից և շահատեր, կամ՝ կողմնակի դիտորդ։ Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությունն այսօր ավելի շատ հավակնում է դիտորդի, քան շահատիրոջ դերին, և տպավորությունն այն է, որ առաջիկայում այս ինքնամեկուսացումն ավելի է աճելու, եթե այդ միտումը չկանխվի և չշրջվի դեպի ներգրավում, դեպի ակտիվ, 360 աստիճանի քաղաքականություն, որի նպատակը հասարակական վերածնունդն ու տնտեսական արդիականացումն են՝ տարածաշրջանային և եվրոպական ինտեգրացման շրջանակներում, փոխադարձաբար լրացնող երկկողմ դաշինքների ապահովության ցանցի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս