Ես սիրում եմ Հայաստանը, բայց ձեր երկրում դժկամությամբ են վերաբերվում օտարերկրյա ներդրողներին. Ստեֆան Լաքսհուբեր
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության հայցը, որով բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը: 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանn օգոստոսի 26-ի վճռով, ըստ էության, մերժել էր «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության հանդեպ «ԻստԻնվեստորի» ղեկավար Ստեֆան Լաքսհուբերի պահանջները:
Հիշեցնենք, որ օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստորի» բաժնետոմսերը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել է 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը եղել է 8 հազար ՀՀ դրամ: 2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել է համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազար դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել, և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել են՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման:
Ըստ գնահատող «Անիկոմ» ՍՊԸ-ի եզրակացության` ընկերության հիմնական միջոցների շուկայական արժեքը 12.10.2008թ. դրությամբ կազմել է 8,913,534,000 դրամ, բաժնետոմսերի դիմաց փոխհատուցման գումարը սահմանվել է 5,299,980,000 դրամ` 10,594,472,000 դրամի փոխարեն: Այս արժեքն էլ, բնականաբար, ազդել է սեփական կապիտալի վրա, և այն սահմանվել է 812,652,000 ՀՀ դրամ: Հայցվորի հաշվարկով՝ գնահատողը պակաս է հաշվել 3,613,554,000 դրամ, բացի դա, նա նաև խախտումներով, ավելի քան 3 մլրդ դրամի վնաս ձևակերպելով՝ արհեստականորեն պակասեցրել է ընկերության սեփական կապիտալի չափը, դրանով իսկ պակաս ցույց տալով հայցվորի հասանելիք հատուցման արժեքը:
«Իստինվեստորի» ղեկավար Ստեֆան Լաքսհաուբերը 168.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց դատական գործընթացների ընթացքից: Նա նշեց, որ փորձաքննության ընթացակարգերն արդեն երկար ժամանակ շարունակվում են, իսկ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն. «Գնահատողի կողմից խնդրի շատ կետեր անտեսվել են, իսկ դրանք կարող էին զգալի ավելացնել ընկերության արժեքը, հետևաբար և՝ մեր բաժնեթղթերի արժեքը»:
«Մենք համոզված ենք, որ այդ գնահատողն իր գործն անելիս ենթարկվել է շատ ճնշումների (դատարանում մեր հակառակորդի կողմից), և դա մեծապես ազդել է հաշվարկային արժեքի վրա»,- նշում է Ս.Լաքսհաուբերը՝ նաև հավելելով, որ ակնհայտորեն գնահատողը չի կարողացել դիմակայել և մի շարք շատ ակնհայտ խախտումներ է արել հաշվապահական հաշվառման ժամանակ, որն օգտագործելով ՝«Մուլտիգրուպն» «ԻստԻնվեստորին» զրկել է իր բաժնեմասից. «Գնահատողը հստակ հաստատեց, որ «Մուլտիգրուպն» օրենքի խախտումներով էր գրանցել իր հաշվեկշիռը, որպեսզի մեզ զրկի մեր սեփականության իրավունքից»:
Ըստ Ս. Լաքսհաուբերի՝ դատարանի վճիռը շատ ավելի ծիծաղելի է եղել, քան սպասվում էր, քանի որ իրոք շատ զարմանալի է, որ դատարանը նույնիսկ չի մեկնաբանել անկախ գնահատողի եզրակացությունը, որով բաժնետոմսերի արժեքը շատ ավելի բարձր էր սահմանվել:
«Մեր պատմությունը շատ տխուր ճշմարտություն է, մենք նույնիսկ ոչ մի պատասխան չենք ստացել, էլ չեմ խոսում աջակցության մասին այն կազմակերպություններից, որոնց դիմել էինք և ուղղել մեր հուսահատ աղաղակները՝ օգնություն խնդրելով: Տեղական կազմակերպությունները լռում են, այդ թվում՝ Զարգացման հայկական գործակալությունը և շատ ուրիշներ: Ի սկզբանե մենք նույնիսկ չէինք կարողանում գտնել փաստաբան, ով պատրաստ կլիներ ստանձնել մեր գործը՝ այդ պահին Հայաստանում ամենաազդեցիկ գործարարներից մեկի դեմ»,- ասում է Ս.Լաքսհաուբերը:
Նա հայտնեց, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն, քանի որ նրանք լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին, նաև այն մասին, թե ինչ դիրք են բռնել հայկական պաշտոնական կազմակերպությունները: Որոշ ներդրողներ ցանկացել են ՀՀ-ում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց նրանք հրաժարվել են իրենց մտադրությունից, քանի որ աչքի առջև նման տխուր փորձ է եղել: «Սա շատ բացասական է երկրի համար: Նաև շատ վատ է մեզ համար, որ Հայաստանում դժկամությամբ են վերաբերվում օտարերկրյա ներդրողներին, և տուժում է երկրի շահը»,- կարծում է ներդրողը:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին իրենք ստացել են մի շարք «տգեղ» մեկնաբանություններ՝ իբրև իրենք Հայաստանի ագահ և վնասակար թշնամիներն են, և այլն:
«Թույլ տվեք ևս մեկ անգամ պարզաբանել, որ ես իսկապես սիրում եմ Հայաստանը: Անկեղծ և սրտաբաց ես պետք է խոստովանեմ, որ դա հզոր երկիր է՝ բարեկամական ու աշխատասեր մարդկանցով, լավ կրթական համակարգով, և այլն: Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, և հասարակ հայ ժողովրդի հետ աշխատելը մշտապես հաճելի է եղել ինձ համար: Դա պարզ է, որ ես չէի ներդնի և չէի մնա այդտեղ՝ որպես ներդրող, եթե ես չտեսնեի մեծ, իսկապես մեծ ներուժ այս երկրում, որն ունի հմուտ, կրթված սերունդ: Հայաստանն իսկապես ունի հսկայական ներուժ, և դա չի կարող անտեսվել»,- ասաց «ԻստԻնվեստորի» ղեկավարը:
Ըստ նրա՝ այդ ներուժն իրացնելու համար Հայաստանը պետք է առնվազն հարգի և ապահովի օտարերկրացիների իրավունքները, հակառակ դեպքում՝ Հայաստանը չի կարող ակնկալել, որ կհամարվի գրավիչ վայր:
Մեր հարցին՝ շարունակելո՞ւ եք պայքարը՝ մինչև հաղթեք, Լաքսհաուբերը պատասխանեց. «Մենք արդեն կորցրել ենք, քանի որ մենք չենք տեսնում ուղի, որ հայկական փորձագետը կհաստատի մեր բաժնեթղթերի իրական արժեքը: Իսկ գործարանի իրական արժեքը մոտ 150-250 մլն դոլար է: Մեր արդար պահանջը դրա շուրջ 3.5%-ն է: Այդ արժեքը հաշվարկվում է՝ ըստ մեր փորձաքննության և ըստ մեր գործընկերների խմբի՝ «Պեռնո Ռիկար» ընկերության դուստր ձեռնարկության տվյալների համադրության: Եվ, այո, ես տեղյակ եմ, թե ինչպես է հայկական բիզնեսը փոխկապակցված երկրի քաղաքական իշխանության հետ: Ինչևէ, ես ամենևին մտադրություն չունեմ միջամտել ՀՀ քաղաքականությանը: Դա հայ ժողովրդի ընտրությունն է, հուսամ, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, թե ինչպիսի կառավարություն են ցանկանում ընտրել: Ես միայն մի բիզնեսմեն եմ, ով տեսնում է հայ ժողովրդի հսկայական ներուժը և հետաքրքրված էր ներդրումներ անելու մեջ»: