Բաժիններ՝

ԿԲ հաղորդագրությունը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2013 թ. սեպտեմբերի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Վախթանգ Աբրահամյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:
Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%: Օգոստոսի գնաճը պայմանավորվել է գերազանցապես ծառայությունների սակագների 2.6% աճով, որի կառուցվածքում 6%-ով աճել են կոմունալ ծառայությունների սակագները՝ կապված էներգակիրների սակագների բարձրացման հետ: Օգոստոսին բնականոն գնաճը կազմել է 0.1%, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը ձևավորվել է 5.7% մակարդակում: ԿԲ խորհուրդը համոզվածություն հայտնեց, որ սեպտեմբերին արդեն իսկ կդիտվի գնաճի նվազում և այն կձևավորվի գործող տոկոսադրույքից ցածր մակարդակում:
Համաշխարհային տնտեսության սպասվածից ավելի դանդաղ տեմպերով աճի, ՀՀ համախառն ներդրումների նվազման և պարտքի կայունությանը միտված զսպող հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ կանխատեսվածի համեմատ: Արդյունքում՝ առաջին կիսամյակի տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս առաջին եռամսյակի 7.5 տոկոսի դիմաց: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թվականի հունվար-օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.8%: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն 2013 թվականի երրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղման և մասնավոր ներդրումների սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնման միտումները՝ պայմանավորելով շինարարության ճյուղի անկումը, հետևաբար և տնտեսական աճի տեմպերի դանդաղումը: Ըստ ԿԲ գնահատումների, եռամսյակը կավարտվի մասնավոր սպառման տ/տ 4.5% և մասնավոր ներդրումների տ/տ -2.9% աճերով: Գնահատվում է, որ մինչև տարեվերջ տնտեսական աճի տեմպերը որոշ չափով կարագանան՝ պայմանավորված արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև շինարարությունում նախատեսված խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի արդեն իսկ սկսված աշխատանքների շարունակականության ապահովմամբ:
Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա երրորդ եռամսյակի արդյունքներով շարունակում է մնալ նախատեսվածի համեմատ առավել զսպող` պայմանավորված հիմնականում արտաքին ֆինանսավորման ծրագրերով նախատեսվող ծախսերի քիչ իրականացմամբ:
Տարվա անցած ութ ամիսների արդյունքներով դիտվել է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի շարունակական բարելավում, որը պայմանավորված է ներմուծման նկատմամբ արտահանման իրական ծավալների առաջանցիկ աճի բարձր տեմպերով և մասնավոր տրանսֆերտների նախորդ տարվա աճի տեմպերի պահպանմամբ: Այսպես, 2013 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 8.9%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 0.8%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 10.9%-ով:
Խորհրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում օգոստոսի երկրորդ կեսին արձանագրվել են տոկոսադրույքների աճի միտումներ՝ կրելով ամսվա ընթացքում ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով բարձրացման ազդեցությունը: Այդուհանդերձ, ամսական կտրվածքով դրանք ցուցաբերել են համեմատաբար կայուն վարքագիծ. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 8.25% (հուլիսի վերջի նկատմամբ նվազումը 0.3 տոկոսային կետ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 8.8% (նվազումը՝ 0.1 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 8.6% (աճը՝ 0.3 տոկոսային կետ):
ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոսին ՀՀ դրամի փոխարժեքը այլ արժույթների նկատմամբ ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ հուլիսի միջինի համեմատությամբ արժևորվել է 0.8%-ով` կազմելով 407.3 դրամ, եվրոյի նկատմամբ՝ արժեզրկվել 0.8%-ով՝ կազմելով 542.2 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 1.8%-ով` կազմելով 12.3 դրամ:
2013 թ. երրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները, որի պայմաններում հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են գնանկումային միտումները: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 5-ին հրապարակված պարենի գների ինդեքսը 2013 օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.9%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 5.1%-ով:
Երրորդ եռամսյակի արդյունքներով «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 6.9%-ով (տ/տ 0.13% աճ), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը նվազել է եռ/եռ 1.1%-ով (տ/տ 8.0% նվազում): ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը նվազել է եռ/եռ 2.6%-ով (տ/տ 12.5% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գնի նվազումը կազմել է եռ/եռ 2.6%-ով (տ/տ 20.3% նվազում): Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկայում արտաքին հատվածից գնաճի ընդլայնման ռիսկեր չկան
Երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 1.3%-ով (տ/տ արժևորումը՝ 5.9%):
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:
Խորհուրդը համակարծիք է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի՝ մոտենալով կանխատեսվող ցուցանիշին: Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, ինչպես նաև մոտակա ամիսներին գնաճի սպասվող նվազման արդյունքում դրական իրական տոկոսադրույքների ձևավորման ակնկալիքները՝ Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանները թույլ կտան հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: Գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:
Այսպիսով, կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:
2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 10% և 7%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս