
Սիրիան առանց նախապայմանների կմասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին. Վաել ալ-Հալկի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու է առանց նախապայմաններ ներկայացնելու: Այս մասին Նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալկին.
«Սիրիայի իշխանությունները պատրաստ են ազգային ընդդիմության հետ երկխոսության՝ հաղթահարելու համար բոլոր տարաձայնությունները, քանի որ Սիրիայի ժողովուրդը միակ ուժն է, որն իրավասու է վճռել իր ճակատագիրը:
Սիրիայում պատերազմի ու միջազգային միջամտության կոչեր անող ուժերը վերջին շրջանում սկսել են պարզապես «ճչալ», քանի որ ոչ ոքի չի հաջողվել հաղթել Սիրիայի ժողովրդին՝ ահաբեկչական կազմակերպությունների դեմ նրա պայքարում»:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին իր հերթին հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Ջաբհաթ ալ-Նուսրան» և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետությունը», չեն կարող դիտարկվել որպես «Ժնև 2»-ի մասնակիցներ: