
Սերժ Սարգսյանը` ադրբեջանցի պատվիրակին. «Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), որից հետո պատասխանեց եվրոպական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հարցերին:
Սերժ Սարգսյանին հարց տալու հնարավորությունը բաց չթողեց նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը: Վերջինս հայտարարեց, թե «Ադրբեջանը 20 տոկոսով օկուպացված է», բացի այդ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի և միևնույն ժամանակ` Վրաստանի նկատմամբ:
«Դուք խաղ եք խաղում եվրոպական ինտեգրացիայի հետ և մտնում եք Մաքսային միություն, Դուք կարծում եք, թե այդպիսի քաղաքականությունն ապագա ունի՞»,- ասաց ադրբեջանցի պատվիրակը:
«Ձեր նշած քաղաքականությունը մեզ հետ որևէ առնչություն չունի: Մենք երբեք տարածքային նկրտումներ Թուրքիայի հանդեպ չենք ունեցել: Ինչ վերաբերում է Վրաստանին, դա արդեն ինձ համար նորություն է, Դուք ինձ համար նորություն եք ասում` կապված Վրաստանի հետ, և այդ նորությունը զավեշտական է և´ մեզ, և´ վրացիների համար: Ես չգիտեմ` դուք ո՞ւմ եք ներկայացնում, բայց ինչպե՞ս կարելի է փորձել այդպիսի բան սերմանել երկու եղբայրական ժողովուրդների միջև: Կարծում եմ, որ եվրոպական բոլոր կառույցները` այդ թվում նաև ԵԽԽՎ-ում, մշտապես սատարում են պետությունների ազատ կամքի դրսևորմանը, և Հայաստանի Հանրապետության խնդիրն է, թե Մաքսային միությանը կանդամակցի, Եվրամիությանը կանդամակցի… Եվ ի՞նչ է նշանակում «խաղեր խաղալ»: Ես սպորտսմեն չեմ, միգուցե դուք երիտասարդ տարիներին դրանով զբաղվել եք: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում, և այդ քաղաքականությունն իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից: Ինչ վերաբերում է «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացված լինելուն», ես ձեզ կխնդրեի թարմացնել ձեր գիտելիքները աշխարհագրության ոլորտում, և այդ դեպքում ձեր դիրքորոշումը կփոխվի»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ նա ընգծեց, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերից մեկում կա հայտարարություն, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը գործունեություն չի ծավալում Լեռնային Ղարաբաղում, սակայն միևնույն ժամանակ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը:
«Եվ եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պոտենցիալով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղին, և կարիք չկա սանձազերծել ռազմական գործողություններ, հետո էլ բողոքել, թե «Ադրբեջանի մի մասն օկուպացվել է»: Ադրբեջանը մեզ նոր պատերազմով է սպառնում, բայց ես համոզված եմ` եթե նոր պատերազմ լինի, Ադրբեջանը մի քանի ամսից արդեն կբողոքի ոչ թե իր տարածքի 20 տոկոսի օկուպացված լինելու համար, այլ 25 տոկոսի և այդպես շարունակ»,- նշեց ՀՀ նախագահը:
Մինչ այդ Սերժ Սարգսյանն ընդծել էր, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, և նաև Եվրոպայի խորհրդի ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին ռազմական սպառնալիքների վրա:
«Ամենից կարևորն այն է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ադրբեջանցիներն ավելի շատ սպառազինություն են կուտակել, որ հիմա Ադրբեջանի բնակչությունը շատ ավելին է, քան Հայաստանի բնակչությունը, և ոչ թե նրա համար, որ վախենում ենք ռազմական գործողություններում պարտվելուց: Մենք պատերազմից ենք վախենում, մենք չենք ուզում, մենք կռվել չենք վախենում, մենք ուղղակի պատերազմ չենք ուզում: Սա է ամբողջ խնդիրը: Եվ համարում ենք, որ պատերազմով խնդիրը չի´ լո´ւծ-վի´, չի´ լուծվի: Հո անընդհատ չե՞նք պատերազմելու: Հարյուրամյա պատերազմներ ավարտվեցին, վերջը պիտի խաղաղ լուծում գտնենք, և այդ լուծումը միջազգային հանրությունը համանախագահների բերանով մեզ է փոխանցել, երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված լուծում: Այո´, խաղաղ ճանապարհով, այո´, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու, Ադրբեջանի կազմում, Հայաստանի կազմում, թե անկախ»,- ընդծել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: