Բաժիններ՝

Միջազգային կառույցների աջակցությամբ ՓՀԷԿ-ները բարձր կոռուպցիոն ռիսկերի ոլորտ են դարձել

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ KfW, ՎԶԵԲ, Գերմանական հիմնադրամը և այլն, Հայաստանում ՓՀԷԿ-ների վարկավորման ժամանակ հետամուտ են միայն բիզնես շահին, և երկրի զարգացման մասին իրենց պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Նման հայտարարություն այսօր «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանո ներքո» զեկույցի շնորհանդես-քննարկման ժամանակ արեց «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը՝ շեշտելով, որ բանկերին հետաքրքրում է միայն իրենց տրամադրած վարկերի վերադարձելիությունը, իսկ նախագծերի չափանիշների պահպանման հետ կապված ոչ մի վերահսկողություն չի իրականացվում:

Հայաստանում ներկայումս կան 144 կառուցված ու կառուցվող հէկ-եր, և տրված է կառուցման 80 լիցենզիա: Ըստ Զարաֆյանի՝ Բնապահպանության նախարարության գրեթե բոլոր նախագծերը copy-paste են արված, բնապահպանական ազդեցության գնահատական չկա, միայն բիզնես և նկարագրական հատվածներ են: Հ/կ նախագահը նշեց, որ արդեն զգացվում է ՓՀԷԿ-ների բացասական ազդեցությունը բնության վրա: Առաջինը՝ չի պահպանվում գետերի էկոլոգիական հոսքը. օրինակ՝ Դարանակ գետակի մի վտակի համար սահմանվել է 0.007 խմ, մյուս վտակի համար՝ 0.014 խմ հոսք: «Դա կես դույլ ջուր է: Ո՞ր մի գետը կարող է պահպանել իր էկոհամակարգը՝ կես դույլ հոսքի դեպքում»,- ասաց Զարաֆյանը:

Երկրորդը՝ կումուլյատիվ ազդեցություն է, երբ հէկ-երը հաճախ կառուցվում են նույն գետի վրա իրար բավականին մոտ, որպեսզի սեփականատերերը միջոցներ խնայեն ճանապարհների և այլ ենթակառուցվածքներ ստեղծելու վրա: Բանախոսը նշեց, որ օրինակները շատ են՝ Մեղրի գետի վրա 9 հէկ է լինելու, Եղեգիս գետի վրա 12 ՓՀԷԿ կառուցելու լիցենզիա է տրված, թեև արդեն գործող 1 ՓՀԷԿ-ի պայմաններում գետը կորցրել է իր հատկությունները՝ գետի ջրի ջերմաստիճանը բարձրացել է, իսկ ջրում եղած թթվածինը պակասել, և այլն:

Երրորդը՝ բնության պահպանվող տարածքներում հէկ-եր են կառուցվում: Նրա խոսքով՝ Սևանի գետերի վրա է լինելու 19 հէկ, մինչդեռ ՀՀ օրենքն արգելում է կառուցել փոքր հէկ-եր պահպանվող տարածքներում:

Չորրորդ՝ հէկ-երի կառուցման վայրերում զանգվածաբար անտառհատումներ են տեղի ունենում, իսկ անօրինական հատված 1 ծառ, որը գյուղացին կտրում է՝ տաքանալու համար, հսկայական գումար արժի: «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի կառուցումը սկսվել է՝ առանց թույլատրող փաստաթղթերի և, ըստ Զարաֆյանի, թեև տարածքը պատկանում է «Հայանտառին», կառուցող «Տուրբոշին» ընկերությունը պայմանագիր է կնքել Ջերմուկի քաղաքապետի հետ, նախագծով նշված է, որ հատվելու է 500 ծառ, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ ավելի է հատվելու:

Հինգերորդ՝ հաճախ ՓՀԷԿ-ները կառուցվում են սողանքային գոտիներում: Օրինակ՝ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ պոկված քարից զոհվեց մի երիտասարդ:

Վեցերորդ՝ սոցիալական խնդիրները բազմաթիվ են: Զարաֆյանի խոսքով, եթե այն գյուղերում, որոնց մոտ դեռ ՓՀԷԿ չկա, մարդիկ ուրախ են դրանց կառուցման համար, ապա այն գյուղերում, որտեղ գոնե 1 ՓՀԷԿ կա, մարդիկ զրկվել են ոռոգման ջրից, մեղուների համար տարածքներն անպիտան են դառնում, Շատին գյուղում միկրոկլիման է փոխվել, ու, թեև գյուղացիների ՓՀԷԿ-ի կառոցման դեմ ստորագրահավաք են սկսել, 300 մարդ դեմ է արտահայտվել, ՓՀԷԿ-ը շարունակում են կառուցել:

«1-2 օր առաջ Դարանակի ՓՀԷԿ-ի լսումների ժամանակ գյուղացիներին ասացին, թե՝ կառուցենք, հետո՝ եթե դժգոհեք, կբողոքեք. գեղ կանգնի՝ գերան կկոտրի: Այսինքն՝ ի՞նչ պետք է հետո անեն գյուղացիները, նրանց հանցագործությա՞ն են դրդում: ՓՀԷԿ-ները բարձր կոռուպցիոն ռիսկերի ոլորտ են դարձել: Երբեմն ՓՄՁ-ները կառուցման փաթեթ են վերցնում, հետո վերավաճառում»,- ասաց Ի.Զարաֆյանը:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ՓՀԷԿ-ների հասցրած վնասի համեմատ՝ ստացվող օգուտը շատ փոքր է, գյուղերը զրկվում են մշակովի հողատարածքներից: Նրա խոսքով՝ ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի 60%-ն է օգտագործվում, մնացածն իրացնելու տեղ էլ չկա, իսկ ՓՀԷԿ-ները շարունակում են կառուցվել, որովհետև շահավետ բիզնես են՝ 15 տարի ապահովված է դրանց արտադրանքի բարձր գնով իրացումը. «Շատ ժամանակ ներկայացվող փաստաթղթերը կեղծ են, նույնիսկ ոռոգման համակարգերը քանդում են, խողովակները տանում՝ ՀԷԿ կառուցում»:

ԳԱԱ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի գնահատմամբ՝ ՓՀԷԿ-ների կառուցման խախտումների ապացույցները՝ որպես կանոն, անտեսվում են. «Կան գետերի հուներ, որոնք արդեն բարձր խոտով են ծածկվել: Մինչև հէկ-երի ղեկավարները պատասխանատվություն չկրեն, ոչինչ չի փոխվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս