ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիային՝ կապված ՀՕՊ/ՀՀՊ համակարգերի մրցույթի արդյունքների հետ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիային՝ կապված Չինաստանի հետ համատեղ ՀՕՊ-ի համակարգեր արտադրելու շուրջ նրա կայացրած որոշման հետ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղարը. «Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնել հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ Թուրքիայի կառավարության ու ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված (չինական) ընկերության միջև պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունների կապակցությամբ:
Այդ համակարգերը համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի համակարգերի կամ կոլեկտիվ պաշտպանական համակարգերի հետ: Այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են»:
Չինական China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերությունը իր HQ-9 համալիրով հաղթել էր մեծ հեռահարության ՀՕՊ/ՀՀՊ համակարգերի T-LORAMIDS ծրագրի շրջանակներում անցկացված թուրքական մրցույթում: