Արմեն Աշոտյանը` Հրայր Թովմասյանին. «Շնորհակալություն, որ պարոն Թովմասյանը իմ պարգևներն էլ չհանձնեց»

Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում Իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և մի շարք դասախոսներ: «Սա այն դեպքն է, որ իմաստնությունը տարիքի հետ է գալիս: Եվ եթե պետական այլ ինստիտուտների պարագայում խոսում ենք կայացման փուլի մասին, այստեղ խոսում ենք մի կառույցի մասին, որը իմաստնացել է տարիքի հետ և իր տեղն ու դերն ունի պետության շինության մեջ»,- իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և հանձնեց պատվո շքանշանները:

Հրայր Թովմասյանը սխալմամբ հանձնեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից Գագիկ Ղազինյանին պատկանող պատվոգիրն ու շքանշանը, ինչը չվրիպեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աչքից:

«Շնորհակալություն, որ պարոն Թովմասյանը իմ պարգևներն էլ չհանձնեց»,- կատակեց  Արմեն Աշոտյանը, ապա խոստովանեց, թե` լինելով այս դահլիճում, գտնվելով պատկառելի մարդկանց շրջապատում, ինքը հասկացել է, որ շատ քիչ բուհեր կան, որտեղ ծննդյան առիթով նման «աստղաբույլ» է հավաքվում:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացրել բժշկի և իրավաբանի մասնագիտությունների միջև` նշելով.

«Եթե մենք` բժիշկներս, գործ ունենք մարդու առողջության հետ, ապա դուք` իրավաբաններդ, գործ ունեք պետության առողջության հետ: Երկարատև վեճ է, թե ո՞րն է ավելի կարևոր, բայց այս դեպքում մեր շահերը համընկնում են` փոխլրացնում եմ միմյանց»: Ա. Աշոտյանը ողջունեց այն հանգամանքը, որ իրավաբանների շնորհիվ բժիշկները ևս կարող են քաղաքականությամբ զբաղվել: ԿԳ նախարարը խոստովանեց, որ եթե չլիներ բժշկական համալսարանի շրջանավարտ` մեծ ցանկություն կունենար Իրավագիտության ֆակուլտետում սովորելու:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նկատեց, թե ֆակուլտետ դիմորդների քանակը շատ է և կատակեց, թե շուտով ուսանողների թվի պատճառով Իրավաբանական ֆակուլտետը լսարաններ կունենա նաև Քիմիական ֆակուլտետի շենքում. «Մի պատմություն պատմեմ. մի աղջկա հարցնում են` որտե՞ղ ես ընդունվել, ասում է` ԵՊՀ Քիմիական ֆակուլտետ, բայց որ սենց գնաց իրավաբանականը կավարտեմ»,- պատմեց Արամ Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս