
Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամուլի գրասենյաից:
Նախագահը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան և Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան 22 տարի, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ բոլոր տարիներին բարոնուհի Քոքսը եղել է արցախահայության կողքին, այդ թվում՝ ամենաօրհասական պահերին և հաճախ վտանգվելով կյանքը, անգնահատելի աջակցություն ցուցաբերել արցախցիներին: «Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր արիությունը, մարդասիրությունը, ազնվությունն ու խաղաղության և ազատության պաշտպանության դիրքերում Ձեր հաստատուն կեցվածքը, կարևորում Ձեր յուրաքանչյուր այցը: Ձեր գործադրած հսկայածավալ ջանքերը մեծ արժեք ունեն նաև Ղարաբաղյան պատերազմի տարեգրությունն ամրագրելու տեսանկյունից: Դուք վայելում եք և մշտապես վայելելու եք հայ ժողովրդի ճանաչումը, մեծարանքն ու սերը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բարոնուհու դերը նաև հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման գործում:
Բարոնուհի Քոքսը Նախագահի հետ խոսել է Արցախ և Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից անկրկնելի տպավորությունների մասին և ընդգծել, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության և նաև Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս իր հնարավորությունների սահմաններում աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: