«Կումայրի» արգելոցի կազմի մեջ մտնող խաչքարերը մատնված են անուշադրության (լուսանկարներ)
Գյումրիում կազմավորված «Կումայրի» պատմամշակութային արգելոցը ներառում է 19-րդ դարից մինչ օրս պահպանված, պատմամշակութային արժեք հանդիսացող բազմապիսի կառույցներ ու հուշակոթողներ: Ցավոք, վերջիններիս մեծ մասը տուժել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, եղածն էլ ներկայումս անուշադրության է մատնված:
«Կումայրի» արգելոցի կազմի մեջ են մտնում եզակի ճարտարապետական և պատմամշակութային կառույցներ: Գյումրիի հին գերեզմանատան տապանաքարերն ու խաչքարերը ևս մտնոմ են այս արգելոցի կազմի մեջ: Քարերը պատրաստվել են 20-րդ դարի սկզբին և գերեզմանատանը մինչև 60-ական թվականները հիմնականում պահպանվել է տապանաքարերի հայկական և, մասնավորապես, Գյումրուն հատուկ ոճը: Խաչքարերը դրվել են ութսունականներից հետո: Փոքրիկ կոտրված խաչքարերը վնասվել են երկրաշարժից, լավ, մաքուր ու խնամված է մնացել միայն Պոլոզ Մուկուչի քարը, որը կանգնեցվել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի կողմից: Գերեզմանաքարերի հին լինելու պատճառով դրանք մնացել են առանց խնամողների, քանի որ սերունդներ են փոխվել, չկան նաև հանգուցյալների հարազատները: Քարերի մեջ կան դագաղաձև տապանաքարեր`զարդարված հայկական զարդաքանդակներով: Քիչ վարպետներ են պատրաստել նման տապանաքարեր:
Քաղաքի տարեցները հիշում և նշում են վարպետ Արմոյի, վարպետ Սիմիկի, վարպետ Մնացականի և այլոց անունները: Մեր օրերում հայ ազգային հուշաքարերի և խաչքարերի կերտման գործող վարպետ է համարվում վարպետ Մնացականի թոռը` վարպետ Հարությունը:
Ընդհանուր առմամբ` Շիրակի մարզին հատուկ են եղել նաև տափակ, ցածր տապանաքարերն ու հուշաքարերը: Զարդանախշերով քանդակվել են տապանաքարերի կողմնային հատվածները, իսկ դիմային հատվածում տեղ են գտել հայկական խաչերը: Երկրաշարժից հետո պատմամշակութային արժեք հանդիսացող քիչ տապանաքարեր կտեսնենք, որոնք խնամված են: Դրանք անուշադրության են մատնված թե՛ պետության, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների, թե՛ նույնիսկ այն մարդկանց կողմից, ում բարեկամները ժամանակին տեղադրել են խաչքարերը:
Գյումրի