ԱՄՆ-ից 43 միլիոն դոլար ստանալու հնարավորություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն:
Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշում եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար, և ԱՄՆ ՄԶԳ-ն, Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,-ասել է վարչապետը: