«Լոռի» պանիրը ԱՄՆ-ում վտանգավոր է, Հայաստանում` անվտանգ
hetq.am-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ:
Համաձայն հրապարակված տվյալների` հայաստանյան «ԱՄՄ» ՍՊԸ-ն արտահանել է «Լոռի» տեսակի պանիր, որի վաճառքի վրա արգելանք է դրվել օգոստոսի 7-ին: Պանրում հայտնաբերվել է աղիքային բակտերիա (ESCHERICHIA, COLI TYPICAL): Հայտանաբերված խախտման վերաբերյալ ահազանգը կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:
«ԱՄՄ» ընկերությունը գործում է Գյումրիում: «Մենք գիտենք, որ փորձաքննությունը դեռ ընթանում է, դեռ վերջնական պատասխանը չենք ստացել»,- ասաց ընկերության մենեջեր Աստղիկ Հակոբյանը: Նա նշեց, որ մոտ երեք տարի է, ինչ իրենց ընկերությունը գործում է: «Լոռի» պանիրը այս տարվանից է սկսել արտահանվել ԱՄՆ:
«Բայց մենք էստեղ ունենք անալիզների պատասխան, որ ստուգումների ժամանակ մեր արտադրանքից ոչ մի բան չեն հայատնաբերել: Հայաստանում լաբորատոր փորձաքննություն անցել է, և ոչ մի բան չի հայտնաբերվել: Կարող եք գալ և նայել»,- առաջարկեց Ա. Հակոբյանը:
Թե որ լաբորատորիայում է անցել փորձաքննությունը, ընկերության մենեջերը հստակ չէր հիշում: Նա ավելացրեց, որ իրենց արտադրանքը ստուգել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Մի ժամանակ, հիշում եք երևի, բոլոր տեղերում անցկացվեցին նմանատիպ ստուգումներ, և միայն մեր և մի քանի այլ ֆիրմաներիում չի հայտնաբերել ոչ մի տեսակի ցուպիկ. և ոչ միայն ցուպիկ, ոչ մի վտանգավոր բան չեն հայտանբերել: Ամենամաքուր անալիզի պատասխաններն ունենք»,- ասաց Ա. Հակոբյանը:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ