Գեորգենի փոփոխականի օգտակարությունը
Բուժիչ նամակներ
Իր հայրենիքում (Մեքսիկա, Գվատեմալա, Կոլումբիա) գեորգենին բազմամյա, մինչև 2,5 մ բարձրությամբ բույս է, որը տարածված է լեռնային շրջաններում։ Լատինաամերիկյան տեսակը կոչվում է Dahlia imperialis, ըստ ավանդազրույցի` այն մշակվել է միայն ացտեկների տիրակալների այգիներում։ Այգեպանի դեռատի որդին նվիրել է շքեղ բույսը իր սրտի ընտրյալին։ Այդ արարքի համար նա վճարեց իր ազատությամբ, իսկ հրաշալի ծաղիկները դարձան սիրո հաղթանակի խորհրդանիշ։ Ացտեկները սիրեցին գեորգենին ոչ միայն սպիտակ և դեղին ծաղիկների համար, որոնք աճում են նույն բույսի վրա, այլև գնահատեցին արմատապալարների բարձր սննդային արժեքը։
Գեորգենին անչափ հարգի բույս է իր հայրենիքում, իսկ Մեքսիկայում ունի նաև հերալդիկ կիրառում։
1787թ. Մադրիդի բուսաբանական այգում առաջին անգամ սկսեցին մշակել գեորգենիներ, որտեղից բույսը սերմերի միջոցով բազմացնելու մշակույթը արագորեն տարածվեց Անգլիայում և Ֆրանսիայում, բույսի առաջին դեկորատիվ հիբրիդները մշակվեցին Գերմանիայում, իսկ առավել ընդարձակ հավաքածու են ստացել Բելգիայում 1815թ.։ Եվրոպական գեորգենիները աչքի էին ընկնում չափերի, ձևերի և գույների բազմազանությամբ, քանի որ սերմերի միջոցով բազմացման դեպքում կարելի է ստանալ նորանոր հիբրիդներ։ Այդ իսկ պատճառով եվրոպական տեսակները ստացան փոփոխական անվանումը (D. variabilis)5
Բույսի ցեղային անվանումը ի հայտ է եկել 1803թ., ի պատիվ այն ժամանակ Ս. Պետերբուրգում աշխատող ակադեմիկոս Իոհան Գեորգի։
Գեորգենու քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները
Աստղածաղկավորների ընտանիքի բազմամյա արմատապալարավոր բույս է։ Ցողունը սնամեջ է, ճյուղավորված, 25-30 սմ բարձրությամբ։ Ստվերատար և ջերմասեր բույս է, նախընտրում է չափավոր խոնավ, սննդամթերքով հարուստ հողերը։ ՀՀ կլիմայական պայմաններում բաց գրունտում չի ձմեռում. յուրաքանչյուր տարի աշնանը անհրաժեշտ է պալարները հանել հողից և պահպանել 3-5 C աստիճանի պայմաններում։
Գեորգենին ծաղկում է առատորեն և երկարատև։ Բազմանում է սերմերով, կտրոններով և պալարներով։ Կտրոնով աճեցրած բույսերը համեմատաբար (10-12 օր) ուշ են ծաղկում։ Քչերին է հայտնի, որ իր գեղեցկությամբ կանչող գեորգենին ունի օգտակար բուժիչ հատկություններ։ Արմատապալարները պարունակում են օգտակար նյութեր, որոնք «հայտնաբերում» և հեռացնում են օրգանիզմից ծանր մետաղները, թույները, վնասակար խոլեստերինը և միևնույն ժամանակ կարգավորում են օգտակար նյութերի յուրացման և փոխանակման գործընթացները, լավացնում են սիրտանոթաին համակարգի աշխատանքը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։
Գեորգենու պալարները հարուստ են ինուլինով, որի շնորհիվ ունեն բարերար ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա. կարգավորում են հորմոնների գոյացման գործընթացը։ Գեորգենին կարող է օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց շաքարային դիաբետի դեպքում և թեթևացնել հիվանդության ընթացքը, քանի որ իջեցնում է շաքարի պարունակությունը օրգանիզմում (տե՛ս «168 ժամ», 14.05.2013թ.)։
Ժողովրդական դեղատոմսեր
Պանկրեատիտ, խոլեցիստիտ, օրգանիզմում շաքարի պարունակությունը իջեցնող. 1 թ/գ մանրացրած արմատապալարը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։ Մնացորդը պահեք սառնարանում, նույն չափաքանակին ավելացրեք տաք ջուր (1։1) և խմեք գոլացրած թուրմը։ Խորհուրդ է տրվում նաև քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
- Մանրացրած արմատապտուղը երկու շաբաթ թրմեք օղու մեջ (1։10), քամեք։ Խմեք 5-ական կաթիլ` օրը 4 անգամ, ուտլուց առաջ, 50 մլ գոլ ջրի հետ։
- Չորացրեք, փոշիացրեք արմատապալարը։ Խմեք 1-ական գրամ` ուտելուց առաջ։
Վերքեր, կտրվածքներ, կորյակներ, չիբան, կոշտուկ. Թարմ տերևը ցայեք ջրի մեջ, ամրացրեք մաշկի բորբոքված մասին։ Կամ չոր տերևը մի քանի որպե թրջեք տաք ջրում։ Նման սպեղանին մաքրում է թարախային գոյացությունները և նպաստում վերքի արագ ապաքինմանը։
Գարեհատի դեպքում. Տերևի թրջոցը նվազեցնում է ցավերը և բորբոքման ընթացքը։
Արթրիտ, շարժողական ֆունկցիայի սահմանափակում. Մանրացրեք, խառնեք (հավասար քանակությամբ) գեորգենու արմատապալարը, փյունիկյան արմավի պտղակորիզ, ծովաբողկի և կնքաբույսի (Tamus communis) արմատներ, գայլուկի կոն, դեղատնային բոդյագա (Spongilla lacustris, վաճառվում է փոշին)։ Փոշիացրած հումքը 1 շաբաթ թրմեք օղու մեջ (1։10), հաճախակի թափահարեք տարան, քամեք քառատակ թանզիֆով։ Օրը 2 անգամ շփեք հոդերը ոգեթուրմով, շարունակեք 2 ամիս։
Բուժումը կարելի է վերսկսել 2 ամիս անց։
«168 ԺԱՄ»