«Նկարչություն տեղում` զրոյից ներքև»
Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայ նկարչուհի, աբստրակցիոնիստ Նարինե Իսաջանյանը, ով Ժամանակակից արվեստի թանգարանի բակում ներկայացրեց իր «Նկարչություն տեղում` զրոյից ներքև» նախագիծը: Նախագիծը ոչ մի դեպքում չի ենթադրում փերֆորմենս, ինստալացիոն արվեստ և չի պատկանում ժամանակակից արվեստներին, այլ` իր ձևի մեջ տարբերվող դասական նկարչություն է:
Ինքը` հեղինակը, «Նկարչություն տեղում` զրոյից ներքև» իր նախագիծը ներկայացնում է որպես մինիմալ արվեստ: «1960-ական թվականներին Թափիեի ավազային ծածկույթներով նկարչությունը արտասահմանյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում շատ հայտնի էր, որն ինձ շատ հոգեհարազատ է: Ջեքսոն Փոլլոկի նկարչությունը նույնպես ինձ համար դպրոց է եղել, քանի որ սկսել եմ ծորացող նկարչությունից, այսինքն` գրաֆիկական հետքեր, որտեղ ստեղծագործության կայացման հիմքը ձեռքի շարժումն է: Ներկերից թողած հետքերը գրաֆիկական հետաքրքիր գծեր են ամբողջացնում»,- ասում է Ն. Իսաջանյանը, ով ԱՄՆ-ի շատ հեղինակավոր գալերեաներում ցուցադրվում է և մշտապես նոր նախագծեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում:
Այնուամենայնիվ, Ն. Իսաջանյանն ամեն տարի Հայաստան գալով նկատում և լսում է դժգոհություններ նոր սերնդի նկարիչներից, մասնավորապես ավագ սերնդի մասին: Նրանք բողոքում են, որ արվեստանոցները փակ են փոքր սերնդի համար: «Ասում են` նկարիչների արվեստանոցների դռները փակ են իրենց համար, ինչը վատ երևույթ է, որովհետև գոնե մեր ժամանակներում նման երևույթներ չեն եղել: Հավանաբար ամեն նկարիչ իր արվեստանոցում, իր անկյունում թագավոր է զգում: Այս անգամ ես փոքր-ինչ հիասթափված եմ, քանի որ հասկացա, որ ընկերությունն իլյուզիա է եղել, կամ չի էլ եղել:
Բայց ինձ համար միշտ հաճելի է գալ իմ երկիր, շփվել, տեսնել և խոսել իմ լեզվով»,- ասում է Ն. Իսաջանյանը` հավելելով, որ Հայաստան այցելության ժամանակ մշտապես փորձում է հասկանալ, թե ինչ նոր գործեր են անում տեղի արվեստագետները կամ որքանով են ցուցադրվում: Նկարչուհին կարծում է, որ ներկայում հայ նկարիչները շատ պարփակված, հիասթափված և հուսահատ վիճակում են, մինչդեռ ինքը` Ն. Իսաջանյանը համարում է, որ հայաստանյան արվեստի միջավայրը շատ ավելի առողջ է, քան ԱՄՆ-ում. «Մենք ընկերներով էնտեղ ենք` Սէվը, Քիքին և կարողանում ենք գնալ, տեսնել այն, ինչը մեզ պետք է, բայց ԱՄՆ-ը երբեք մեր երկիրը չի դառնա և մեր արած նկարչությունը երկիր չունի: Մենք չենք անում կոմերցիոն նկարչություն, այլ` ստեղծում ենք մաքուր, ազնիվ նկարչություն և հրավիրվում ենք խոշոր ցուցասրահներում, թանգարաններում ցուցադրվելու, բայց, հավատացե’ք, շատ դժվար է այդ մեծ երկրում ներկայանալը, արվեստի միջավայրում կայանալը»: Նկարչուհին հույս ունի, որ «Նկարչություն տեղում» նախագիծն առաջիկայում զանգվածային բնույթ կկրի, և մասնագիտական վերլուծությունները հասարակության համար հասկանալի կդարձնեն նկարչության տվյալ ուղղությունը: Այլ կերպ ասած` արվեստաբանները պետք է փորձեն իրենց մեկնաբանությամբ ճիշտ ներկայացնել նրա ներկայացրած արվեստը:
Առաջիկայում Ն. Իսաջանյանն ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ` Հայաստանում կիրականացնի մեկ այլ նախագիծ, որը ֆինանսավորելու է «Ջեքսոն Փոլլոքի» հիմնադրամը: Ծրագրով նախատեսվում է թվով 10 երկրների մայրաքաղաքների Ժամանակակից արվեստի թանգարանների առջև հանդես գալ կենդանի նկարչությամբ, ձեռագիր ներկայացնել և հանրության առաջ ՙբացահայտել՚ արվեստի գործ ստեղծելու պրոցեսը:
«168 ԺԱՄ»