
ԿԳՄՍ նախարարությունն իր հոգեզավակ հիմնադրամին դարձյալ դրամաշնորհ է հատկացրել

Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հոգեզավակն է և գոյություն ունի 1 տարուց քիչ ավելի, արդեն հասցրել է ստանալ լրջագույն դրամաշնորհներ՝ հենց ԿԳՄՍՆ-ից։
1 տարվա մեջ 20-րդ դրամաշնորհը, ըստ պետգնումների armeps համակարգի, հիմնադրամը ստացել է օրերս։ Դրամաշնորհի չափը գերազանցում է 76 միլիոն դրամը։
Սեպտեմբերի 22-ին կողմերի միջև կնքվել է «Պետության կողմից կապիտալ դրամաշնորհի ձևով տրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» հերթական պայմանագիրը, որի գինը կազմել է 76 միլիոն 193 հազար 300 դրամ` 199743.35 դոլար։
Այս գումարով հիմնադրամի՝ «Թանգարանների և պատկերասրահների գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի ու մարզերի մի քանի թանգարանների համար ձեռք կբերվեն՝ մի քանի համակարգիչ, պրոյեկտորներ, կենցաղային սառնարան, օդորակիչներ և օդորակման սարքավորում, աթոռներ, գրասեղան, բարձրախոս, պահարաններ, սկաներ, լազերային տպիչ և այլն։
Միայն 2025 թվականին Մշակույթի զարգացման հիմնադրամը ստացել է 15 դրամաշնորհ, այդ թվում՝
– 46 միլիոն 320 000 դրամ, որպեսզի վերաբրենդավորվեն թանգարանները, թանգարաններն ունենան սոցիալական էջեր, իրականացվեն մարքետինգային արշավներ, միջազգային միջոցառումներ,
– 48 միլիոն 007 200 դրամ՝ «Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրի իրականացում» ծրագրի համար։
– 36 միլիոն 420 000 դրամ՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության տեխնիկական ապահովման և սպասարկման կազմակերպման համար, և այլն։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ այս ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին, ասել է թե՝ հենց նախարարությունների գործառույթներն իրականացնելու համար։
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ 2024 թվականի փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,- ասել էր նա։
Ավելի ուշ տեղեկացանք, որ հիմնադրամը մարտից սկսել է գործունեությունը, և արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:
Նշենք՝ հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։ Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։
Ի դեպ, Մշակույթի զարգացման հիմնադրամը գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում՝ 8-րդ հարկում։