Հոգեբույժ. «Ինքնասպանության փորձ կատարած անձինք կարիք ունեն մասնագիտական օգնության, հասարակական հոգածության, խնամքի և մշտական ուշադրության»
Մերօրյա իրականության մեջ ինքնասպանություններն ասես սովորական բնույթ են կրում: Այս թեմայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ գտնելը թեև բարդ է, այնուամենայնիվ, մեզ հասանելի տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում` մոտ 300 դեպք: Ի ՞նչն է դրդում մարդկանց դիմել ինքնասպանության: Որո՞նք են ինքնասպանությունների սոցիալ-տնտեսական դրդապատճառները: Տարիքային ո ՞ր խմբերին են հատուկ ինքնասպանության հակումները: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Շիրակի թեմի Քրիստոնեական հոգեբանության կենտրոնի աշխատակից, բժիշկ- հոգեբույժ Վաղարշակ Խաչատրյանի հետ:
Ինքնասպանություն հասկացության տակ հասկանում ենք անձի կողմից սեփական անձի նկատմամբ կենսաբանական մահվան հանգեցնող որոշակի գործողությունների իրականացումը: Բժիշկ Խաչատրյանի խոսքով` հոգեբանական և բժշկական գիտությունների համար ինքնասպանությունների պատճառագիտական հարցերը մնում են դեռևս չպարզաբանված, սակայն կարելի է նկատել, որ, ինքնասպանությունը, ըստ էության, առկա ծանր իրավիճակից հեռանալու, խուսափելու յուրահատուկ ձգտում է՝ գիտակցության նեղացման կամ ավելի խոր խանգարման պայմաններում: Սովորաբար շատ դեպքերում կարելի է նշել ինքնասպանությանը նախորդող որևէ իրավիճակ, որն էլ կարող է դիտվել որպես ինքնասպանության կոնկրետ պատճառ:
Մեր ժամանակներում և հատկապես Շիրակի մարզում այդպիսի ակնառու պատճառներ կարող են դիտվել սոցիալ-կենցաղային դժվար պայմանները, ընդհանուր կեսամակարդակի անկումը, միջանձնային ու ներընտանեկան հարաբերությունների դժվարությունները և այլն:
«Որոշ հիվանդությունների դեպքում հատկանշական է ինքնասպանությունների բարձր հավանականությունը: Նկատվում են ինքնասպանություններին նախորդող ինչպես տևական, այնպես էլ սուր, համեմատաբար կարճատև ու բուռն դրսևորումներով խանգարումներ: Դեպքերը հատուկ են տարբեր տարիքային խմբերի, ավելի շատ հանդիպում են երիտասարդ տարիքի անձանց դեպքում, բայց նկատվում են նաև միջին ու ծերունական տարիքի անձանց շրջանում: Ամեն դեպքում, կարևոր պատճառագիտական գործոն հարկավոր է դիտարկել ազգային ու կրոնական ավանդույթներից հեռանալը, ազգային դարավոր փորձից օտարացումը: Ազգային ու կրոնական մոտեցումներում ցանկացած իրավիճակում միշտ կա կերպար, երևույթ, որը նեցուկ է, հենարան, պաշտպան: Ավանդական ընտանիքում դա ծնողի, հոր կերպարն է, իսկ հայ Առաքելական Եկեղեցու գաղափարախոսությամբ այդ երևույթը Քրիստոսն է, Աստված: Ազգային ընկալման մեջ այս կերպարների առկայությունը հզոր պաշտպանական նշանակություն ունի»,- նշում է բժիշկ Խաչատրյանը:
Ազգային կենցաղավարության մեջ ծնողի կերպարի գործուն առկայությունն ու Քրիստոսի մշտակենդան ներկայությունը ունի կարգավորող, հոգեկան ու հոգեբանական ծանր ապրումները մեղմող, հարթեցնող, կյանքի արժեքի բարձր իմաստավորման նշանակություն: Այս արժեքներից, ընտանիքի ավանդական կառուցվածքից ու ազգային կրոնական պատկերացումներից հեռացումը անձին թողնում է միայնակ ու անօգնական հոգեկան, կենցաղային, սոցիալական և այլ կենսահոգեբանական խնդիրների ու դժվարությունների հետ: «Առանց այս հզոր պաշտպանական գործոնների դրանց դիմակայումը երբեմն լինում է անհնար, և այդ պայմաններում որպես միակ գործուն «պաշտպանական» միջոց՝ անձն ընտրում է առողջ հասարակության կողմից մշտապես ու համընդհանուր մերժելի ինքնասպանությունը», նշում է բժիշկը:
Ինքնասպանության փորձ կատարած անձինք կարիք ունեն մասնագիտական օգնության, հասարակական հոգածության, խնամքի, մշտական ուշադրության:
«Որպես գործուն կանխարգելիչ միջոց՝ գիտական հայտնի բոլոր առաջարկված մոտեցումների մեջ և առաջին շարքում նպաստավոր կլինի տեսնել ազգային ավանդական ներկա ժամանակների հետ ներդաշնակվող տարրերի վերականգնումը մեր առօրյա կենցաղավարության մեջ»,- նշում է բժիշկը:
Գյումրի