«Վաղը եթե իմ դեմ իրականացվի որևէ կրիմինալի կողմից հարձակում, վստահ եղեք, որ դրա ետևում կանգնած է լինելու ոստիկանությունը և ռեժիմը». Արգիշիտի Կիվիրյան (տեսանյութ)
«Ես այսօրվա դրությամբ չունեմ որևէ երաշխիք, որ դուրս գալով տնից, քայլելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կամ այլ քաղաքի կամ բնակավայրերի փողոցներով՝ ինձ որևէ ոստիկան որևէ ձևով չի մոտենա, չի իրականացնի որևէ բռնարարք և դրանից հետո չեն հայտարարի, որ ես եմ իրականացրել իրենց նկատմամբ բռնարարք: Կամ իմ դեմ կկազմակերպեն կրիմինալ որևէ թափթփուկի հարձակում, որովհետև այս բոլոր դրվագները, որ ես ներկայացնում եմ, վկայում են, որ ակնհայտորեն իմ անձի նկատմամբ կապված իմ մասնագիտական և հասարակական գործունեությունից՝ ընթանում է քաղաքական հետապնդում: Այլ կերպ սա բնորոշելն անհանար է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Armenia Today» կայքի համակարգող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ իր դեմ կա 3 վարչական վարույթ և մեկ քրեական գործ, որը փաստացի հարուցվել է իր դեմ:
Առաջին դեպքը կապված է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացից Ա. Կիվիրյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու հետ: Ա. Կիվիրյանի խոսքով՝ իրեն բերման ենթարկելու ողջ գործընթացը զուգորդվել է իր նկատմամբ բռնություններով, և չնայած այն հանգամանքին, որ ինքը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ մինչ այժմ դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվել: Երկրորդ դրվագը, Ա. Կիվիրյանի ներկայացմամբ, կապված է օգոստոսի 24-ին Կոիտաս 5 հասցեից իրեն բերման ենթարկելու հետ.
«Ոստիկանական մեքենայում ես ենթարկվել եմ բռնությունների, իմ հասցեին հնչել են ամենալկտի հայհոյանքները, հասել էր այն օրի, որ փորձ էր կատարվում ինձ խեղդելու, և այդ վիճակում ինձ հասցրել են Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ իմ վիճակն այնպիսին էր, որ ինձ այդտեղից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Որոշ ժամանակ անց ես տեղեկանում եմ, որ չնայած իմ պահանջներին՝ հարուցել քրեական գործ և պատժել մեղավոր աձանց, քրեական գործ է հարուցվել ոմն ոստիկանի զեկուցագրի հիման վրա, որ իբր ես եմ ոստիկանական ավտոմեքենայում հայհոյել և բռնություն կիրառել իր նկատմամբ: Նման աբսուրդ միայն կարելի է պատկերացնել հենց ոստիկանական ռեժիմով պետությունում: Փաստացի ոստիկանությունը ոչ միայն կիրառում է բռնություն, այլ արդեն սկսում է գործ սարքել այդ ձևերով»:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը՝ 2013-ի օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում վերջինիս կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Հաղորդում ներկայացրած ոստիկանն այս գործով արդեն տուժող է ճանաչվել, իսկ Ա. Կիվիրյանը դեռևս վկայի կարգավիճակում է:
Ա. Կիվիրյանի հետ կապված երրորդ դրվագը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Այդ օրը նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ մոտ 10 հոգի բերման էին ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ա. Կիվիրյանի խոսքով՝ ինքը գնացել է Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտ որպես «Armenia Today» կայքի համակարգող և ցանկացել է տեսնել՝ ինչպես է ընթանալու այդ գործընթացը:
Մի քանի ժամ ոստիկանական բաժնի դիմաց կանգնելուց հետո նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով 7-8 ոստիկաններ և խնդրել առանձին խոսել նրա հետ: Ա. Կիվիրյանի խոսքով՝ ինքը հայտարարել է, որ չի ցանկանում նման ապօրինի պահանջներին ենթարկվել և պահանջել օրինական հիմքով ծանուցագիր ներկայացնել: Երբ ոստիկանները կրկին խնդրել են բաժնում իրենց հետ զրուցել, ինքը կրկին հրաժարվել է. մոտ կես ժամ անց նույն ոստիկանական խումբը վերադարձել է և ներկայացրել ծանուցագիր.
«Ժամը 5:10 րոպեին իրենք ներկայացնում են ծանուցագիր, բայց ծանուցագրում նշված է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 5-ին, ես պետք է ներկայանամ Արաբկիրի ոստիկանական բաժին, այսինքն՝ արդեն իսկ ժամն անցել էր: Պարզ է, որ նման ապօրինի ծանուցագիր ես չէի պատրաստվում ստանալ, ես այդ մասին հայտարարեցի, և այդ պահին այդ 7-8 հոգին, ոլորելով իմ ձեռքերը, քարշ տալով ինձ մտցրել են ոստիկանության բաժին հենց ոստիկանական շենքի դիմաց, այսինքն՝ նման ապօրինի գործողություն երկար ժամանակ դժվար էր պատկերացնել»,- ասաց Ա. Կիվիրյանը:
Նա նշեց, որ ոստիկանության բաժնում Արաբկիրի ոստիկանապետը շենքի առաջին հարկում գոռացել է. «Մի՛ք վնասի մեր գույքը, այն պարագայում հենց որ ես ընդամենը կանգնած եմ: Ակնհայտ է դառնում, որ մի գործ են սարքում, թե ոստիկանի եմ վնասել, հիմա էլ կարող է պարզվի՝ գույք եմ վնասել»:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ երեք վարչական վարույթներն էլ ակնհայտ կոպիտ խախտումներով են իրականացվել: Նրա խոսքով՝ 3 դեպքում էլ Ա. Կիվիրյանի նկատմամբ բռնություններ են գործադրվել, սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցվել դրանց առիթով: «Օգոստոսի 1-ից սկսած դեռևս չկա քրեական գործի հարուցում: Վարույթն ընդհանրապես կարելի է համարել ծիծաղելի: Եթե դա կարելի է համարել նյութերի նախապատրաստություն, ապա ես չեմ պատկերացնում, թե օրինական ճանապարհով նյութերի նախապատրաստությունն ինչպես կարող է լինել: Ընդհանրապես ոչինչ չեն անում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նա նշեց, որ ինքը որպես իրավաբան տեսնում է՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ իշխանության կողմից հետապնդում իրականցվում է: «Հասկանալի է, որ ոչ քրեական գործ է հարուցվելու: Եթե նույնիսկ ձևականորեն քրեական գործ հարուցվի, որպեսզի հետագայում ցույց տան Եվրոպական դատարանին (եթե մենք Հայաստանի Հանրապետությունում արդյունքի չհասնենք, դիմելու ենք նաև Եվրոպական դատարան), որ ինչ-որ վարույթ իրականացրել են, այդ վարույթն արդյունք չի ունենալու: Իրական արդյունք, որը պետք է իրավական երկրում տեղի ունենար»,- ասաց Լ. Սահակյանը:
Անդրադառնալով Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործին՝ Լ. Սահակյանն ասաց, որ մինչ օրս իրենք չեն կարողացել նույնիսկ ցուցմունք տալ. «Հասկանալի է, որ ձեռնտու չէ ոչ մեկին, որ մենք այդ քրեական գործով ցուցմունքներ տանք, որովհետև մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ իրականում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ է բռնություն գործադրվել ոստիկանների կողմից, և նրանք, այսպես ասած՝ դիմելով ինքնապաշտպանության, որպեսզի իրենք պատասխանատվության չենթարկվեն, զեկուցագիր են գրել, որ իբրև Արգիշտի Կիվիրյանն է բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Չեմ զարմանա, որ ի սկզբանե այս ամենը պլանավորված է եղել, որպեսզի այդ ոստիկանները հետագայում հայտարարեն, որ իբր Արգիշտի Կիվիրյանը նրանց նկատմամբ բռնություն է գործադրել»:
Հիշեցնենք, որ Ա. Կիվիրյանի հարցաքննությանը մասնակցելու ցանկություն էին հայտնել 30-ից ավելի փաստաբաններ, սակայն Հատուկ քննչական ծառայությունում այդպես էլ չէին համաձանել հարցաքննություն իրականացել այդքան փաստաբանների ներկայությամբ:
«Այս քրեական գործերի քննությունը չունի որևէ աղերս օրենքի հետ»,- հավելեց Լուսինե Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրենք բացարկ էին հայտնել քննիչին, սակայն այն մերժվել է: Իսկ Ա. Կիվիրյանի գրավոր ցուցմունքն արդեն ուղարկվել է ՀՔԾ:
«Հասկանալի է, որ իրավական առումով ցուցմունքը չի կարող ուղարկվել փոստով, այսպես ասենք: Բայց համենայնդեպս մենք գրել ենք, որ այն տեղեկությունները, որոնք Արգիշտի Կիվիրյանը կցանկանար ցուցմունք տալու ընթացքում (ցուցմունքը որոշակի գործընթաց է իր մեջ ներառում, ցուցմունքը պետք է վերցնի քննիչը), գրավոր ուղարկում ենք Հատուկ քննչական ծառայությանը»:
Լրագրողների այն հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում իրավապահ մարմինները կոծկել ապացույցները, որ Ա. Կիվիրյանը բռնության է ենթարկվել, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քննիչ ու դատախազ ու դատավոր կաշկանված չէ անօրինականություն կատարելուց, այսինքն՝ նրանք անհրաժեշտություն չունեն որևէ մեկին պատճառաբանելու, թե ինչու այս ապացույցների պարագայում իրենք այլ կարծիքի հանգեցին կամ այլ գործողություններ կատարեցին, այսինքն՝ եթե պետք է քրեական գործ հարուցեին, հետագայում մեղադրանք առաջադրեին, հետագայում դատարանները պետք է դատեին այդ ոստիկաններին, ինչու չդատեցին: Անհրաժեշտություն չունեն, որովհետև նրանցից պահանջող չկա, այսինքն՝ իշխանություններն իրենք են նրանց հակառակը պարտադրում, որպեսզի իրենք անեն, ուստի և անհրաժշտություն չկա, որ իրենք ինչ-որ մեկին ինչ-որ բան պահանջեն: Այլ է խնդիրը, թե Եվրոպական դատարանի առջև նրանք ինչպես պետք է պատասխան տան»:
Արգիշտի Կիվիրյանն էլ հավելեց, որ ոստիկանությունից որևէ պաշպանություն չի ակնկալում. «Վաղը եթե իմ դեմ իրականացվի ասենք որևէ կրիմինալի կողմից հարձակում, վստահ եղեք, որ դրա ետևում կանգնած է լինելու ոստիկանությունը և ռեժիմը: Որևէ կրիմինալ ինքնուրույն չի գա, դա անի»: