Հայաստանը Եվրոպային առաջարկում է «Ավելի լավ է ինչ-որ բան, քան ոչինչ» բանաձևը
Tert.am –ի փոխանցմամբ` Եվրոպայի ժողովրդական կուսակցության` ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 5- ին Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ելույթ ունենալով վեհաժողովում` ասել է, որ Հայաստանն ունի Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ցանկություն, սակայն եթե այն հնարավոր չէ նախաստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, ապա առաջարկվել է Ասոցացման համաձայնագիրը վերամշակել և նախաստորագրել առանց ԽՀԱԱԳ համաձայնագրի: Այս մասին Բրյուսելից Tert.am-ին հայտնել է Արմեն Աշոտյանը:
Պատասխանելով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ եվրոպացի գործընկերների տարաբնույթ մեկնաբանություններին, ՀՀԿ փոխնախագահը առաջարկել է «ինչ որ մի բան ավելի լավ է, քան ոչինչ» բանաձևը` ի հակադրություն «Ամեն ինչ քաղաքականության մեջ» բանաձևին: Նա ընդգծել է, որ «ամեն ինչ քաղաքականության, այն էլ խոշոր քաղաքականության մեջ», բանաձևր չի աշխատում, կենսունակ չէ և կենսունակ չէ նաև մեր տարածաշրջանում:
Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ` այս բանաձևը նշանակում է, որ մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում»:
Իսկ ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնկացելու նպատակով Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակության մյուս անդամը` Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի համար ընդունելի չէ աշխարհը երկու ճամբարների բաժանելը: Նա նշել է, որ Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը`փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաև, թե ինչպիսի ընտրություն ենք կատարել:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: