
ՀՀԿ ԳՄ նիստում բոլոր ներկայացուցիչները ողջունել են նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, և այլ կարծիք չի հնչել

«Մաքսային միություն մտնելու որոշումը կայացվել է մեր կողմից, մեր ցանկությամբ, որովհետև այն դրական կազդի տնտեսության զարգացման վրա և բխում է մեր երկրի շահերից»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա վստահեցրեց, որ ՀՀԿ բոլոր ներկայացուցիչները ողջունել են Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, և այլ կարծիք չի հնչել: Իսկ այն բոլոր գնահատակնները, թե անդամագրության մասին որոշումը կայացվել է Ռուսաստանում, ՌԴ ճնշմամբ, Է. Շարմազամովը ծիծաղելի համարեց: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Սերժ Սարգսյանը ժողովրդի տեսակետը չի հայտնում, հասարակության անունից է խոսում, նա արձագանքեց այսպես. «Յուրաքանչյուր նախագահ, ինչպես մեր նախագահը, որը ընտրված է ուղիղ ժողովրդի կողմից, ունի վստահության մանդատ և ընտրվում է նրա համար, որ ժողովրդի անունից խոսի»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են բողոքի ցուցեր իրականացվում, նա պատասխանեց. «Ֆանսիայում, ԱՄՆ-ում շատ բանի համար են ցույց անում… հետո ի՞նչ: Ես չեմ տեսնում այնպիսի ճնշում, որ փոխի: Բազմակարծություն է` պետք է բողոքեն: Հո մենք կոմունիստական շրջանում չենք ապրում, որ չբողոքեն: Սա բնական է»: Ի պատասխան այն տեսակետներին, թե հասարակության կարծիքը պարզելու համար հարցում է պետք անցկացնել, Է. Շարմազանովն ասաց, թե լավագույն հարցումը ընտրություններին ստացած ձայներն են: Այն հարցին, թե ինչո՞ւ հայտարարության ստորագման ժամանակ Սերժ Սարգսյանը ոգևորված չէր, նա պատասխանեց, թե դա սուբյեկտիվ ընկալում է. «Նայած ով՝ ինչ է հասկանում ոգևորված ասելով: Նախագահները ոգևորվելու համար չեն, նախագահները աշխատելու, պետության անիվը ճիշտ ուղղությամբ տանելու համար են»: