Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «տեխնիկապես հնարավոր է»
Արդեն երրորդ օրն է՝ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո, Երևանում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե արդյոք հնարավոր է միաժամանակ միանալ և՛ Պուտինի նախաձեռնած Մաքսային Միությանը, և Եվրամիության առաջարկած Ասոցացման համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն։
Պաշտոնական Երևանը պնդում է, թե ըստ էության, հրաժարվում է միայն Եվրոպայի առաջարկած ազատ առևտրի գոտուց, սակայն օրակարգում է պահում Ասոցացման համաձայնագիրն ու Բրյուսելի հետ քաղաքական երկխոսությունը: Իսկ ի՞նչ տեսք ու հետևանք կունենա այս ընտրությունը իրական կյանքում. «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը փորձել է պաշտոնյաներից ու փորձագետներից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք նման գործարք Հայաստանի և Եվրամիության միջև, և ի՞նչ կշահի կամ կկորցնի հայ ժողովուրդը դրա արդյունքում:
«Իրականում, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի, սակայն, դա այնքան էլ հեշտ ու պարզ գործընթաց չէ»,- փաստում է Յոզվյակը՝ ընդգծելով, որ չորս տարի առաջ՝ բանակցությունների մեկնարկին, կողմերը համաձայնել են, որ երկու փաստաթղթերը անքակտելի են լինելու:
«Թեպետ և ազատ առևտրի շուրջ պայմանագիրը Ասոցացման համաձայնագրի առանձին մաս է, այդուամենայնիվ, դրա՝ առևտրի ոլորտին վերաբերող դրույթները տարածվում են ողջ փաստաթղթի վրա: Սա գործնականում նշանակում է, որ ազատ առևտրի մասը հանելու դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել Ասոցացման համաձայնագրի՝ մոտ 1000 էջ կազմող տեքստն ու դուրս թողնել առևտրին վերաբերող բոլոր դրույթները»,- ասում է Յոզվյակը:
Իսկ ի՞նչ կունենա Հայաստանը այս երկու փաստաթղթերը տարանջատելու դեպքում՝ հարցին «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող փորձագետը պատասխանում է.- «Արդյունքում կմնա շատ լղոզված մի տեքստ, որը շատ առումներով ավելի սիմվոլիկ, քան գործնական նշանակություն կունենա: Երկկողմ առևտրի վերաբերող մասը համաձայնագրի անկյունաքարն էր, որը հնարավորություն էր տալիս հայաստանյան ապրանքներին ազատորեն մտնել եվրոպական կես միլիարդ սպառողներ ունեցող շուկա, բացի այդ, համաձայնությունը երաշխավորում էր, որ Հայաստանում արտադրված ապրանքներն այդուհետ պետք է համապատասխանեցվեին եվրոպակական խիստ չափանիշներին ու նորմերին: Եթե այս ամենը դուրս է մնում բանակցություններից, ապա սեղանին մնում է շատ ավելի անորոշ բնույթի մի քաղաքական փաստաթուղթ»։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: