
Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա

Օգոստոսի 31-ին, ժամը 01-30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ այսօր իմացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։
Եվ շատ ավելի մեծ է այդ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Ամոթալի ու մերժելի նման միջադեպերը, դժբախտաբար, շարունակաբար կրկնվում են։ Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա, բիրտ ուժ է կիրառում անգամ հաշվի չառնելով, որ այդ պահին նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է իր հարազատին։ Բայց չէ որ ժողովրդական իմաստուն խոսքն ասում է` մի վնասիր քեզ օգնող ձեռքը։
Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։ Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
ՀՀ առողջապահության նախարարություն