Սպասել երկրորդ «թե»-ին
Մաքսային միության մաս կազմելու Երևանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երևույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը և տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության և մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երևանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները:
Միաժամանակ պետք է արձանագրել նաև, որ ռազմավարական հատուկ գործընկերոջից ակնկալված դրսևորումներով չէ, որ հատկանշվում էր Մոսկվայի պահվածքը Երևանի նկատմամբ: Միայն վերջին փաստը, իր գործընկերը շրջափակած և անվերջ թշնամանքի ու պատերազմ վերսկսելու հռետորաբանությամբ հանդես եկող Բաքվին նույն Մոսկվան տրամադրեց հսկայական տարողությամբ և գերարհեստագիտությամբ հագեցած զինուժ:
Այստեղ տարատեսակ էին մեկնաբանությունները. քաղաքագետներ ռուս-ադրբեջանական նորագույն գործարքը նկատում էին սպառնալիք Երևանի` ևրամիության հետ իր հարաբերությունները հավասարակշռելու և շատ արագ չվազելու այդ ուղղությամբ: Իսկ պաշտոնական Երևանը ամեն առիթի փորձում էր ցույց տալ, թե այդ գործարքը որևէ ձևով խնդրո առարկա չի դարձնում հայ-ռուսական հարաբերությունները:
Այս երկվությունը բացատրող բանաձևը «թե՛, թե»՛ փոխան «կա՛մ, կա՛մ»-ի կարգախոսով շրջանառության մեջ էր մտել քաղաքական ելույթներում և հրապարակուներում: Իսկ «թե՛, թե՛»-ն արդեն նշանակում էր, որ Երևանը պիտի համաձայներ մտնել թե՛ մաքսային միության մեջ և թե՛ ստորագրեր ևրամիության ասոցացման փաստաթուղթը: «Թե՛»- ի առաջին բաժինը իրականացած է արդեն: Եթե Երևանը մերժեր մաս կազմել մաքսային միության համաձայնությանը, այդ դեպքում էր որ, կա՛մ, կա՛մ»-ի տրամաբանությունը պիտի աշխատեր:
Եթե երկրորդ «թե՛»-ն չարձանագրվի, արդարացված կլինեն այն բոլոր խիստ քննադատությունները, որոնց համաձայն ՀՀ-ն կտրուկ շրջադարձ է կատարել իր արտաքին քաղաքականության առաջնային օրակարգով ամրագրված դեպի ևրոպա ինտեգրման քայլեր իրականացնելու առաջադրանքից:
Քաղաքական իրատեսությունը հարցման կարգով հուշում է, որ Երևանը ունե՞ր քաղաքական շռայլությունը մերժելու մաքսային միության անդամակցությունը: Այստեղ սակայն պետք է հարգվեր որոշման միանձնյա բնույթ տված չլինելու սկզբունքը: Քաղաքական շրջանակների հետ հրապարակային խորհրդակցությունները, բացատրողականները, փոխլրացուցիչ քաղաքականություն կիրարկելու մոտեցումները պետք է դառնային հասարակության սեփականությունը: Ի վերջո սրանք երկրի համար ճակատագրական ուղղություններ ճշտելու պահեր են, որոնց մասին նախապես տեղեկացումը շարունակում է քաղաքական մշակույթի մաս չկազմել մեր երկրում: Հանկարծակիության գործոնը ինքն իրեն կրկնում է, երբ մտաբերենք հայ-թուրքական հարաբերություններին նոր մղում տվող հաղորդագրության հանկարծակի հրապարակումը:
Վիլնյուսի հանդիպումը սարերի հետևում չէ։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը պարզ դարձրեց, որ Հայաստանի համար օրակարգային կետ է մնում ևրամիության հետ ասոցացման քաղաքականության իրականացումը: Մինչ, ևրամիության ղեկավարությունը հաստատեց, որ ևրամիության առևտրի և մաքսային միությունները անհամատեղելի են, միաժամանակ բացատրություն պահանջելով Երևանից իր կատարած վերջին քայլի ուղղությամբ: Իսկ Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքումհրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը:
ևրամիության հետ ասոցացման փաստաթուղթը հազար էջից ավել է, որի մեկ բաժինն է միայն առևտրային միությունը: Չի բացառվում, որ Երևանը նախաստորագրի այդ փաստաթղթի ոչ առևտրային բաժինը, որ իր հերթին ևրամիության հետ ինտեգրման քաղաքականության ընթացքը թեև որոշ դանդաղեցմամբ, այսուհանդերձ ի զորու կպահի:
Ի վերջո ևրոպան ևս կովկասյան տարածաշրջանի մեջ գործընկերների կարիք ունի, մանավանդ երբ նկատի ունենանք որ Հարավային Կովկասի մեջ Երևանն էր ամենապատրաստը իբրև թեկնածու այդ փաստաթղթի ստորագրմանը:
«Թե՛, թե՜»-ն պետք է աշխատի Երևանի համար: ևրամիության գերհզոր տերությունը այսօր Գերմանիան է : Գերմանիան է, որ եղանակ է ճշտում ևրոպայի տնտեսական հարցերին, առևտրի միության ձևավորմանը, ասոցացումներին և ևրամիության ազդեցության գոտու զարգացման և գործընկերությունների հաստատման ընդհանուր ուղղություններում: Թվում է, որ Երևանը որոշում է իր դիվանագիտական ներկայությունը աշխուժացնել Գերմանիայում` ևրամիության հետ ինտեգրման քաղաքականության թափ տալու և առհասարակ «թե՛, թե՛»-ի փոխլրացման հիմունքով ընթանալու համար` իբրև կարևոր բաղադրիչ իր արտաքին քաղաքականությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր