ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի պատասխանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ փաստաբանական դպրոցը քննադատում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի և իր կողմնակիցների գործելաոճը՝ առաջարկելով դադարեցնել անհիմն հայտարարություններ տարածելու միջոցով հեղինակություն ձեռք բերելու փորձեր կատարելը: Նման վարքագիծը հարիր չէ փաստաբանի կարգավիճակին, առավել ևս այն անձին, ով ցանկանում է դառնալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ:
ՀՀ փաստաբանական դպրոցը ստիպված է անդրադառնալ Տիգրան Աթանեսյանի հայտարարության մեջ նշված փաստերին, որոնք վերաբերում են ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը՝ ներկայացնելով հիմնավորված տեսակետ Տիգրան Աթանեսյանի հայտարարության մեջ խեղաթյուրված եղանակով ներկայացված փաստերի վերաբերյալ:
Ըստ Տիգրան Աթանեսյանի. «Յուրաքանչյուր հավակնորդ, ըստ իմ տեղեկությունների, դպրոցին վճարում է 640.000 ՀՀ դրամ»:
ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձը առաջին երկու հոսքերի համար կազմել է 400.000 ՀՀ դրամ, իսկ երրորդ հոսքի ունկնդիրների համար` 500.000 ՀՀ դրամ: Ուսման վարձի ավելացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը 2013 թվականին դարձել է ԱԱՀ վճարող:
ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսման վարձը երբևէ չի եղել 640.000 ՀՀ դրամ, այսինքն Տիգրան Աթանեսյանը նման տեղեկություններ ստանալ չէր կարող, հետևաբար` նա միտումնավոր հորինել է այդ թիվը իրեն նպատակահարմար թվաբանական արդյունքներ ստանալու համար:
Ըստ Տիգրան Աթանեսյանի. «Վերջին մեկ տարվա ընթացքում, ևս ըստ իմ տեղեկությունների, դպրոցում սովորել է 120 հավակնորդ, այսինքն, դպրոցը պետք է վաստակած լինի 120*640.000=76.800.000 ՀՀ դրամ: Որևէ տեղեկություն, թե ինչպես է դպրոցը ծախսում 32.640.000+76.800.000=109.440.000 ՀՀ դրամը ևս հրապարակված չէ»:
ՀՀ փաստաբանական դպրոցը ՀՀ փաստաբանների պալատից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել 20.484.000 ՀՀ դրամ, քանի որ վերապատրատումը սկսել է իրականացնել հունիս ամսից, իսկ 2013 թվականին` 14.428.672 ՀՀ դրամ:
Վերը նշված գումարներն ուղղվել են բացառապես փաստաբանների վերապատրաստումը կազմակերպելու համար:
ՀՀ փաստաբանական դպրոցն ունկնդիրներից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել 25.600.000 ՀՀ դրամ (64 ունկնդրից), քանի որ ուսուցումը սկսել է իրականացնել սեպտեմբեր ամսից, իսկ 2013 թվականին 24.000.000 ՀՀ դրամ (60 ունկնդրից):
Վերը նշված գումարները ուղղվել են բացառապես ունկնդիրների ուսուցումը կազմակերպելու համար:
Վերը ներկայացված թվերից ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված թվերը իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նա միտումնավոր խեղաթյուրել է ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեության ժամանակահատվածը և գումարների մեծությունը՝ իր համար ցանկալի արդյունք ստանալու համար: Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ հաշվի առնենք ընդունելության քննության ժամանակ յուրաքանչյուր հավակնորդի կողմից վճարված 35.000 ՀՀ դրամը:
Ինչ վերաբերվում է հաշվետվությունների չհրապարակմանը, ապա դա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ փաստաբանական դպրոցը հանդիսանում է հիմնադրամ, իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն ՀՀ փաստաբանական դպրոցը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
Հրապարակված հաշվետվությունը կարող եք գտնել այստեղ.
Այսինքն, ՀՀ փաստաբանական դպրոցը, իր գործունեությունը սկսելով 2012 թվականի հունիս ամսից, դեռևս 2013 թվականի մարտ ամսին հրապարակել է հաշվետվություն իր գործունեության մասին։
Ըստ Տիգրան Աթանեսյանի. «Արդյունքում, միայն մոտավոր հաշվարկով, առանց այլ աղբյուրներից տրվող ֆինանսավորման, որոնց մասին, ի դեպ ևս որևէ հանրամատչելի տեղեկություն չկա, Պալատի ընդհանուր բյուջեն /ՀՊԳ-ի և դպրոցի հետ միասին/ կազմում է 260.069.600+81.600.000+76.800.000=418.469.600 ՀՀ դրամ կամ շուրջ 1.030.000 /մեկ միլիոն երեսուն հազար/ ԱՄՆ դոլար»:
Այսինքն, ըստ Տիգրան Աթանեսյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի բյուջեն ներառում է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի բյուջեն, մինչդեռ իրավաբանի տարրական գիտելիքներ ունեցող անձը պետք է իմանար, որ ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը տարբեր իրավաբանական անձինք են և ունեն տարբեր բյուջեներ, հետևաբար ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի նպատակը ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնելու միջոցով քննադատություն հնչեցնելն է, այլ թվերի խեղաթյուրման միջոցով հեղինակություն ձեռք բերելը:
Ըստ Տիգրան Աթանեսյանի. «Վերը բերված բոլոր թվերը կրում են մոտավոր բնույթ, քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն, բացի պետական բյուջեի հատկացումից, հանրամատչելի չէ»:
ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը յուրաքանչյուր ընդունելությունից առաջ հրապարակվել է www.pastaban.am-ում` ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայք էջում, բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման վարձի չափի վերաբերյալ առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, հետևաբար բացառվում է, որ Տիգրան Աթանեսյանը չիմանար ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի ճշգրիտ չափը, այսինքն՝ Տիգրան Աթանեսյանը գիտակցել է, որ ակնհայտ սխալ տվյալներ է հրապարակում և նման նախադասություն գրելով՝ փորձել է ինքն իր գրածից պաշտպանվելու միջոց գտնել:
Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցը յուրաքանչյուր ընդունելության քննության ավարտից հետո ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայք էջում հրապարակում է ունկնդիրների քանակը, հետևաբար Տիգրան Աթանեսյանը այդ հարցում ևս ապատեղեկատվություն է տարածել:
Ըստ Տիգրան Աթանեսյանի. «Եվ այս պայմաններում չի անցկացվում աուդիտ»:
ՀՀ փաստաբանական դպրոցը գրանցվել է 2012 թվականի փետրվարի 9-ին: 2013թ. «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից իրականացվել է անկախ աուդիտորական ստուգում, որի արդյունքում կազմվել է եզրակացություն, որը, ինչպես վերը նշվեց, հրապարակվել է www.azdarar.am ինտերնետային կայքում:
Տիգրան Աթանեսյանն, իր հրապարակումն ամփոփելով, նշել է. «Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»:
Ներկայացվածից կարելի է եզրակացնել միայն, որ Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները, նախընտրական փուլում իր սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն փորձել է վարկաբեկել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը: