Բաժիններ՝

Ինչու են ցանկանում արգելել «Սփայս»-ը. Նորաոճ թմրամիջոցի վտանգները

Ինչպես արդեն նշվել է, ՀՀ կառավարությունը փորձում է կանխարգելել որոշ նոր սերնդի թմրամիջոցների ներկրումը Հայաստան: Խոսքը մասնավորապես համաշխարհային թմրաբիզնեսում «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է:

ՀՀ Ոստիկանությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունումը, ոլորտի պատասխանատուների համոզմամբ, թույլ կտա «կանխել, նախականխել և բացահայտել Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրվող դիզայներական և այլ ծխախոտային խառնուրդներ, որոնց հոգեկան և ֆիզիկական թմրաազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված կանաբիսի և ափիադների խմբին պատկանող թմրամիջոցների ազդեցությանը»: Այս հիմնավորումն է բերված օրենսդրական նախաձեռնության փաստաթղթում, որով նախատեսվում է այդ նպատակով, մի շարք նոր նյութեր ներառել ՀՀ-ում արգելված նյութերի ցանկում և դրանց շրջանառության համար ևս նախատեսել քրեական ու վարչական պատասխանատվություն:

Ընթերցողներից շատերը թերևս առաջին անգամ են լսում այս թմրամիջոցի անունը, սակայն այն վերջերս հայտնվելով շուկայում՝ մեծ պահանջարկ է վայելում հատկապես երիտասարդների և պատանիների շրջանում և մոդայիկ է դառնում։

Ընդ որում, մինչև վերջերս այս խոտը թմրամիջոց չէր համարվում և շատ երկրներում դրա վաճառքը օրինական էր։ Սակայն աշխարհի երկրները՝ մեկը մյուսի ետևից, սկսեցին այն ներառել արգելված միջոցների ցանկում, քանի որ այն, պարզվում է, ավելի վտանգավոր է, քան սովորական մարիխուանան։

Այն պատրաստվում է քիմիական միջամտության շնորհիվ և լրջորան քայքայում է առողջությունը։ Բացի դրանից, այս թմրամիջոցն առավել ուժեղ է ազդում գիտակցության վրա, մարդուն դարձնում է գրեթե անգիտակից և անկառավարելի։ Առաջ է բերում վերահսկողության կորուստ և հալյուցինացիաներ։ Որոշ տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ինքնասպանության գործած երիտասարդներից շատերը եղել են հենց «Սփայս»-ի ազդեցության տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս