Ըստ Արման Նավասարդյանի՝ Սերժ Սարգսյանն իրավունք չուներ միանձնյա որոշում կայացնելու
«Ե՛վ-և՛»-ի, այսինքն՝ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը հնարավոր է իրագործել: Այս մասին այսօրվա հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի՝ երեկվա համատեղ հայտարարության մասին, որում Սերժ Սարգսյանը հայտարարեց «Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման» մասին:
Արման Նավասարդյանն ասաց, թե ինքն առաջիններից մեկն է եղել, ով շրջանառության մեջ է դրել «և՛-և՛»-ի գաղափարը, ավելի ճիշտ՝ կլիշեն, ինչի համար իրեն նույնիսկ մեղադրել են իշխանամետ լինելու մեջ:
«Ո՛չ, ես իշխանամետ չեմ և չեմ էլ եղել, բայց, իմ կարծիքով, դա Հայաստանի պայմաններում հնարավոր է, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել: Այդ«կա՛մ-կա՛մ»-ը կարող է պարզապես մեծ վնաս հասցնել Հայաստանին: Այդ առումով՝ կարելի է ողջունել, որ նա (Սերժ Սարգսյանը,-Ա.Ս.) գնաց և այնտեղ…իհարկե, դեռ չի ստորագրվել, բայց համաձայնությունը, կարծես թե, կայացել է»,- ասաց Արման Նավասարդյանը:
Մյուս կողմից՝ նա նշեց, որ Հայաստանը շատ բան կկորցնի, եթե չստորագրի Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը:
Միաժամանակ դիվանագետը կարծիք հայտնեց, որ այս պայմաններում էլ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացները կարող են համատեղելի լինել, թեև, մյուս կողմից, չբացառեց Հայաստանի կողմից Մաքսային միությանը անդամակցելուց հետո Եվրոպայի կողմից կոշտ քաղաքականության դրսևորում, և նաև չբացառեց, որ այս քայլից հետո Ասոցացման համաձայնագիրը կարող է չստորագրվել:
«Գիտեք, դրանք շարունակական գործընթացներ են, ես նորից եմ կրկնում՝ Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական դերն ամբողջ այս թնջուկի մեջ այնպիսին է, որ կարող ենք հասնել նրան, որ այդ երկու բլոկները նույնիսկ ուրախ լինեն մեզ իրենց կազմի մեջ տեսնելու և մեզ հետ համագործակցելու համար: Սրանք պատմության մեջ կրկնվող երևույթներ են…Դժբախտաբար, իմ ասածների մեջ մի մեծ թերություն կա՝ ես ինֆորմացիա չունեմ, բազային փաստաթղթեր չկան, եթե դրանք լավ ուսումնասիրվեն, անպայման կգտնվեն սողանցքներ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ ամեն դեպքում Սերժ Սարգսյանն իրավունք ունե՞ր առանց հասարակական քննարկման և առանց որևէ հայտարարության Հայաստանի անունից հայտարարել նման որոշման կայացման մասին, Արման Նավասարդյանը պատասխանեց կարճ և հստակ՝ «ո՛չ»: