Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իսրայելական հականավային հրթիռներ գնելը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին Կասպից ծովը որակել է որպես «խաղաղության ու բարեկամության ծով»: Սրանից առաջ էլ Սայարին հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է ընդլայնել իր ներկայությունը Կասպից ծովի արևելյան հատվածում:
Սայարին ընդգծել է, որ ոչ վաղ անցյալում Ադրբեջանի կողմից իսրայելական (Gabriel-5) հականավային հրթիռների գնումը չի լինի տարածաշրջանի կայունության օգտին: Սայարին ընդգծել է, որ Իրանը քանիցս հայտարարել է, որ մերձկասպյան երկրները պետք է իրենց ռազմական գնումները կոորդինացնեն Կասպից ծովին հարակից երկրների հետ (Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան ու Ադրբեջան):
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական գործարք են կնքել, ըստ որի՝ Իսրայելը պետք է առաջիկա 4 տարում Ադրբեջանին մատակարարի 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:
Խոսքը Gabriel-5 հականավային հրթիռների, Heron TP և Searcher տիպերի անօդաչու թռչող սարքերի, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգի, Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի, ականազերծման POMİNS-2 համակարգի և այլնի մասին է: