 
                        Իրանը պատրաստվում է ընդլայնել իր ներկայությունը Կասպից ծովի արևելյան հատվածում
 
                                    Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է ընդլայնել իր ներկայությունը Կասպից ծովի արևելյան հատվածում: Այս մասին ծովային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջին ազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Նա ընդգծել է, որ Կասպից ծովում ներկայության ընդլայնման հետ մեկտեղ Իրանը մտադիր է նաև ջանքեր գործադրել Հնդկական օվկիանոսի ջրատարածությունում իր ռազմանավերի մշտական ներկայության ուղղությամբ, ինչպես որ Չինաստանի ու Հնդկաստանի պարագայում է:
Սայարին մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում առաջացած լարվածության կապակցությամբ, ինչի առաջացման պատճառը Սիրիական ճգնաժամն է:
Նշվում է, որ երկու օր շարունակ Նոուշեհր քաղաքում գտնվող Իմամ Խոմեյնիի անվան ծովային ակադեմիայում քննարկվելու են ծովային տրանսպորտին, ծովային պաշարների շաագործմանը, միջազգային առևտրային կապերը զարգացնելուն, ածխաջրածինների նոր հանքավայրեր փնտրելուն և տվյալ ուղղությամբ այլ երկրների հետ համագործակցելուն առնչվող հարցեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        