ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Բրազիլիայի ու Մեքսիկայի նախագահներին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի ու Մեքսիկայի նախագահներ Դիլմա Ռուսեֆի և Էնրիկե Պենյա Նիետոյի հեռախոսազրույցներին ու նամակագրությանը: Այս մասին հայտնել են բրազիլական ԶԼՄ-ները, որոնց տրամադրության տակ են հայտնվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
2012 թվականի հունիսին թվագրված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթում ասվում է, որ գերատեսչությունը ձգտում է հատուկ ծրագրի օգնությամբ հնարավորինս շատ բան իմանալ Ռուսեֆի և նրա աշխատակիցների կապերի ու շփումների մեթոդների մասին:
Այդ ծրագիրն ամբողջությամբ հնարավորություն է տալիս մուտք գործել Բրազիլիայի նախագահի ու նրա օգնականների շփումների մեջ, որոնք իրականացվում են հեռախոսով, համացանցում կամ սոցցանցերում:
Ինչ վերաբերում է նախորդ տարվա դեկտեմբերին իշխանության եկած Նիետոյին, ապա նրա նկատմամբ էլեկտրոնային գաղտնալսում է սկսել իրականացվել դեռ այն ժամանակ, երբ նա դեռ նախագահի թեկնածու էր:
Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է նաև նրա հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը՝ ներառյալ նաև Նիետոյի կողմից ապագա նախարարների թեկնածությունները հաստատելու վերաբերյալ քննարկումները:
Ռուսեֆը, ով պետք է հոկտեմբերին այցելի ԱՄՆ, երեկ կազմակերպել է կառավարության աշխատանքային հանդիպում՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: