Գյումրիում ուսանողներն ու ծնողները պահանջում են, որ դասախոսները վերադառնան
Մի քանի ամիս առաջ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի ռուսաց լեզվի եւ գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանին բացակայությունների ժամանակ նշանակված բարձր գնահատականների փաստի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել: Ուսանողուհին հեռացվել էր բուհից: Հ.Սուքիասյանի մայրը մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի եւ գրականություն ամբիոնի նախկին վարիչ Կարինե Սուքիասյանն էր: Ըստ ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, դեպքից օրեր անց, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էին օտար լեզուների ֆակուլտետի դասախոսներ Սիլվա Գրիգորյանը, Անահիտ Միրիջանյանը եւ Անուշ Սարգսյանը: Ռեկտորը նշել էր, որ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականույշ Գրիգորյանն էլ ազատվել էր դեկանի պաշտոնից, բայց որպես դասախոս նրան առաջարկվել էր մեկ դրույք դասաժամ, որից նախկին դեկանը հրաժարվել էր:
asparez.am –ը Վ.Գրիգորյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ ավարտ է ունեցել հարուցված քրեական գործը, քանի որ բողոքներ էինք ստանում օտար լեզուների ֆակուլտետի որոշ ուսանողներից եւ նրանց ծնողներից, թե արդյո՞ք հնարավոր չէ, որ ֆակուլտետի դասախոսները վերադառնան իրենց աշխատանքին, քանի որ, իրենց կարծիքով, բացակա ուսանողուհուն բարձր գնահատականներ նշանակելու հետ կապ չունեն եւ բարձրակարգ մասնագետներ են:
Հարուցված քրեական գործի առումով Վ.Գրիգորյանը նշեց. «Ինստիտուտի կոլեկտիվի՝ հանրապետության գլխավոր դատախազին ուղղված խնդրանքով, գործը կարճվել է: Ես իմանալով այդ դեպքի մասին, կարողացել եմ ժամանակին միջոցառումներ ձեռնարկել, այն դասախոսները, ովքեր այդ գնահատականները նշանակել էին, խիստ նկատողություններ էին ստացել: Աշխատանքից որոշակի ազատումներ էին եղել: Խնդիրն այն էր, որ ուսանողուհու մայրը մեր մոտ ամբիոնի վարիչ էր եղել եւ իր կոլեգաներին խնդրել էր, իսկ նրանք ուղղակի չգիտենալով, որ երեխան այստեղ չէ, նշանակել էին գնահատականները, սակայն հետո պարզվեց, որ ուսանողուհին հանրապետությունից բացակայում է»:
Հնարավո՞ր է արդյոք օտար լեզուների ֆակուլտետի վերը նշված դասախոսները վերադառնան իրենց նախկին աշխատանքին, հարցրեցի Վ.Գրիգորյանին.«Ես չգիտեմ, դասաբաշխումներն անում է ամբիոնի վարիչը, ոչ թե ռեկտորը, ես ամբիոնի վարիչի հետ դեռ չեմ հանդիպել, երեւի այսօր կամ վաղը կհանդիպեմ, քանի որ սեպտեմբերի 2-ից բուհում սկսվում է ուսումնական պրոցեսը: Հարկավոր է ճշտել, թե այդ ժամերը կա՞ն, թե՞ չկան, եթե ամբիոնը նպատակահարմար գտավ կամ ունեցավ այդ ժամերը, ես անձամբ, որպես ռեկտոր, դեմ չեմ, բայց դա կախված է ամբիոնի ժամաքանակից»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: