Ամեն անկյունում չպետք է հանքեր բացվեն
Մեր զրուցակիցն է կանադական «TSO&Association» մասնավոր ներդրումային ընկերության ներկայացուցիչ, ազգությամբ հայ Թերենս Օրթսլանը
– Պարոն Օրթսլան, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում եք ներդրումներ կատարում, կարո՞ղ եք ասել, թե հատկապես որ ոլորտն է այսօր գրավիչ ներդրողի համար:
– Քաղաքականության տեսանկյունից մեր հայրենիքը տակավին լավ չի ճանաչված աշխարհում, տնտեսության տեսանկյունից Հայաստանի ճանաչումը դյուրին է և կլինի, բայց մենք նախ և առաջ պետք է մեր հայրենիքը առողջացնենք: Ներդրումների առումով առավել գրավիչ են առաջինը՝ գյուղատնտեսությունը, երկրորդը՝ հանքերը, հետո՝ էներգետիկան:
Այս երեքի գծով էլ դեռ վստահ չենք, թե ինչքան հարստություն կա հայրենիքում: Դրա համար կապիտալի և տեխնոլոգիաների կարիք կա: Եվ մեր կարծիքով, դա նոր է սկսում զարգանալ Հայաստանի մեջ: Վստահաբար, առաջիկա 3-5 տարում ավելի շատ հանք պետք է գտնենք, պետք է զարգանա գյուղատնտեսությունը՝ անասնաբուծության և ագարակների ստեղծման ուղղությամբ, և երրորդը՝ էներգետիկան պետք է զարգացնել: Տեսել եմ, որ շատ նախագծեր կան, դրանցից որոշները դեռ խորհրդային տարիներից են մնացել, բայց հիմա ուսումնասիրվում են նոր մեթոդներով, ինչի շնորհիվ գնահատումների շատ փոփոխություններ կլինեն, արդյունքում՝ պաշարների կանխատեսումները կավելանան:
– Գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունն իրար հետ միաժամանակ ինչպե՞ս կարղ են զարգանալ:
– Չէ, միմյանց չեն խանգարում: Օրինակ՝ Իսրայելը մինչև անցած տարի էլեկտրաէներգիայի շատ մեծ պահանջակ ուներ, բայց հիմա ինքն է էլեկտրաէներգիա արտահանելու: Այնտեղ բնական գազ են գտել, և ոլորտը կզարգանա: Նույն բանը Հայաստանում պետք է լինի. մասնագետներ կան, որ վստահ են, որ ընդերքում գազ կա, և պետք է այն գտնել:
– Մի ժամանակ նավթի ու գազի հետախուզման աշխատանքներ էին կատարվում ՀՀ-ում, բայց առևտրային հետաքրքրություն ներկայացնող պաշարների առկայության մասին արդյունքներ չեղան:
– Ես հանքերի մասնագետ եմ, բայց երբ խորհրդաժողովների ժամանակ նայում եմ ուրիշների կատարած ուսումնասիրությունների փաստաթղթերը և լսել եմ, որ առիթը կա: Գազը շատ խորունկ է: Դեռ վաղ է խոսել ծավալների մասին, բայց այնպես չէ, որ ոչինչ չկա:
– Ներդրողի համար առավել ի՞նչն է դժվար Հայաստանում՝ բիզնես միջավա՞յրը, օրենսդրական դա՞շտը…
– Օրենքները՝ ոչ: Մեր օրենսդրական դաշտը մյուս երկրների համեմատ թույլ չէ, բայց Հայաստանը ծով չունի, Հայաստանի սահմանները երկու հարևանների հետ փակ են, դրամատուները լավ չեն ճանաչում Հայաստանը: Մենք մի քիչ գովազդի կարիք ունենք: Եթե աշխատենք, ներդրողները գան, առիթներ կլինեն, թե ուր ներդնել: Եվրոպական և ամերիկյան ընկերություններն ավելի շատ տեխնոլոգիաներ ունեն, քան թե ասիական կամ մեր հարևան երկրները: Ուզում ենք, որ ավելի շատ նրանց տեխնոլոգիաները կիրառվեն, քանի որ դրանք առավել առաջատար ու զարգացած են, ուզում ենք դրանք բերել, որ մեր ժողովրդին ու մեր համալսարաններին ավելի շատ օգուտ լինի: Նաև միջավայրն է շատ կարևոր: Եվրոպական և ամերիկյան բիզնես միջավայրն ավելի խիստ է: Առանց բարենպաստ միջավայրի, օրենքների, չեն կարող գնալ ներդրողների մոտ, նախագծեր ներկայացնել ու ասել փող տվեք:
– Հայաստանի քաղաքական գործիչներից մեկը կարծիք էր հայտնել, որ հանքերը ներկայում պետք է շահագործել մեծ տեմպերով, որովհետև գուցե 100 տարի հետո դրանց պահանջարկը չլինի: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:
– Այո: Բայց եթե մեր երկրի կառավարությունը միայն հանքի մասին մտածի, սխալ է: Օրինակ` եթե դպրոցականի հետ համեմատենք, ասենք՝ երեխան համալսարան պետք է գնա կրթվելու, բայց նաև պետք է վարժարանն ավարտի, ու վարժարանը պետք է լավը լինի: Նույնը տնտեսությունում է՝ եթե երկիրը պետք է զարգանա, հանքը կամ ագարակը առաջին աստիճանն է, որ պետք է սկսել տնտեսություն կառուցել: Հանքը միակը չէ, հարակից ենթակառուցվածքներն ու արտադրությունները պետք է զարգացնել: Օրինակ՝ ադամանդի հանք ունեցողը պետք է նաև այդ քարերը տաշի, մշակի, կամ պղնձի և ոսկու հանքեր կան, պետք է այստեղ գործարաններ կառուցել, ինչի արդյունքում կկարողանանք արտադրական ուժերը տեղափոխել գյուղեր, դրա արդյունքում էլ մենք կկարողանանք դպրոցներ կառուցել, կկարողանանք ճանապարհներ կառուցել, օդանավակայաններ կառուցել:
Կանադայում կարգ կա՝ որտեղ հանք կա, այնտեղ քաղաք կա, օդանավակայան կա, ճանապարհ կա, և ընդհանուր զարգացում է լինում, միաժամանակ հիմք է ստեղծվում հետագա զարգացման համար: Հանքերը պետք է շահագործվեն, բայց չեմ ասում, որ ամեն անկյունում պետք է հանքեր բացվեն: Ամեն գտնված հանքը շահագործելուց առաջ կառավարությունը պետք է հասկանա, թե ժողովրդի համար դրա շահը որն է: Կառավարությունը պետք է լավ ուսումնասիրի նման առիթները:
«168 ԺԱՄ»