Րաֆֆի Հովհաննիսյան. «Եկել եմ ասելու, որ պայքարը շարունակվում է» (լուսանկարներ)
Օգոստոսի 30-ին Գյումրիիի Թատերական հրապարակում քաղաքացիների հետ հանդիպեցին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Վահագն Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին հիմնախնդիրներին և մարտահրավերներին: Հիմնականում ներկայացնելով ապրիլի 9-ի իրադարձությունները` Ր. Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ չի եկել Գյումրի միտինգներ անելու, այլ ասելու, որ պայքարը դեռ չի վերջացել և շարունակվելու է: Նշենք, որ այս անգամ հավաքին մասնակցում էին շատ քիչ թվով գյումրեցիներ, հավաքվածների մի մասն էլ ԶԼՄ ներկայացուցիչներ էին:
Խոսվեց ինչպես Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների` արտագաղթի, գազի գնի թանկացման, քաղաքացիական ընվզումների, այնպես էլ ռուս – ադրբեջանական համագործակցության և Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրան մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Մեծ հույս կա, որովհետև 9 ամիս ասաջ ոչ մեկը չէր հավատում, որ Գյումրիում, Շիրակ աշխարհում և Հայաստանում կարելի է նորից հավատալ, որ մենք կապ կունենանք մեր քաղաքի, մարզի և երկրի հետ: Եվ այդ հույսը հենց այս հրապարակում էլ վառվեց, և հենց Գյումրիում ամենատպավորիչ հաղթանակը տարավ Հայաստանի ժողովուրդը: Եվ դրա համար ես շնորհակալ եմ: Ամբողջ Հայաստանում ժողովուրդը քվեարկեց հօգուտ փոփոխության: Մենք ուզեցինք իրավունքի Հայաստան, նորմալ կյանքի Հայաստան, որին արժանի է թե Գյումրին, թե Շիրակը, թե ամբողջ Հայաստանը: Ես հիշում եմ այդ հրաշալի պահերը, որ ապրեցինք այստեղ. ժողովուրդն այն ժամանակ ավելի շատ էր, ավելի անմիջական էր ընտրության նախաշեմին կամ ընտրությունից անմիջապես հետո: Ես եկել եմ ասելու, որ ոչ մի դեպքում, Գյումրեցին և Հայաստանցին հույսը պիտի չկտրի, որովհետև մենք բոլորս գիտեինք, որ սա մի ռաունդի, մի օրվա պայքար չէր: Այդ կախարդական օրը` ապրիլի 9-ին, շատերը չլինելով Երևանի Ազատության հրապարակում, լինելով այստեղ, համացանցով, ռադիոյի մոտ սպասում էին, թե ինչ կստացվի: Ուզում էինք լուծում, որովհետև բոլորս, այն ժամանակ անգամ չգիտեինք, որ ժողովուդը 80/20 հարաբերությամբ հաղթեց: Այն ժամանակ ես մտածում էի` գուցե 55/45 կամ 60/40, բայց այն երեք ամիսը, որ անցկացրել եմ թե Գյումրիում` քայլելով փողոցներով, նաև այլ մարզերում, քաղաքներում լինելով` ես հասկացա, որ ժողովուրդն ընտրեց փոփոխության ճանապարհը, և դրա համար հասկանալի է այդ ցավը և ինչ – որ տեղ` այդ թևաթափությունը, թե ինչու այդ մի օրվա մեջ չստացվեց: Ես եկել եմ Գյումրի ոչ թե մեծ միտինգ անելու, ոչ թե ճառ կարդալու, այլ ասելու համար, որ պայքարը շարունակվում է, որ մենք գործի 90 տոկոսն արդեն արել ենք: Եվ այն, ինչ այսօր կա, հպարտության աղբյուր է»,-նշեց նա:
Ըստ նրա` ապրիլի 9-ն անցավ ոչ իրենց ուզածով, բայց առանց արյան: «Այդ միլիոն ժողովուդը, որ քվեարկեց փոփոխության համար, չկար հրապարակում և ես պատրաստ չէի զոհել թեկուզ մի հայ մարդու արյունը, որովհետև ես գիտեի, որ պայքարը շարունակվելու է, և այսօր շարունակվում է: Այսօր եկել եմ ձեզ լսելու և ձեր միջոցով ասելու հետևյալը. չի լինելու կեղծ, ռումանտիկ միասնություն, բայց եթե ուզում ենք փոփոխություն, բոլորը պետք է դուրս գան իրենց, և մեր ինքնահավան ակոսներից. դրանք կուսակցություններ են, «Ժառանգություն»-ից սկսած, քաղաքացիական նախաձեռնություններ են, մտավորականներ են, երիտասարդներն են, քաղաքացիներն են, աղետից մազապուրծ եղած ընտանիքներն են, ովքեր պայքարում են իրենց արժանապատվության համար 25 տարի անց: Եթե մենք ուզում ենք, այս տարվա ընթացքում այդ փոփոխությունը կտեսնենք: Ես չեմ կանխատեսում, ես չեմ մարգարեանում, ես ասում եմ, որ ժողովուրդը և Սերժ Սարգսյանը, առաջին հերթին հենց ինքը գիտի, և աշխարհը գիտի, շարքային հայաստանցին գիտի, որ նա ուզեց այդ փոփոխությունը փետրվարի 18-ին: Շիրակը կորցրեց իր մարզպետին, ինչու՞: Որովհետև Շիրակի ժողովուրդն իր ուզա՞ծն արեց: Իսկ մնացած մարզե՞րը: Մենք հիմա գտնվում ենք շատ նուրբ շրջանում, արտագաղթը շարունակվում է, բոլորս գիտենք, որ 5 տարի անց մենք ունենալու ենք դեմոգրաֆիկ տագնապ: Այսպես շարունակել չենք կարող: Բայց վստահեցնում եմ ձեզ, որքան հույս կար, որքան լիցք կար, պետք է էլի լինի:
Հիմա կարող են մեղադրել, կարող են մոտենալ և ինձ ասել, ինչու մինչև վերջ չգնացիք, բայց այդ մինչև վերջը պիտի գնա ժողովուրդը, այդ մինչև վերջը ` խոսքը և գործը մեկ անելով, պիտի անի ժողովուրդը: Ես ժողովրդին չեմ մեղադրում, ժողովուրդն իր գործն արեց, բոլորին անակնկալի բերեց, բոլորին ցույց տվեց, որ ունի ոգի, որ Գյումրեցին կա: Ես մտածեցի քաղաքացու կյանքի մասին, ես մտածեցի բոլորի մասին, ով պիտի վտանգի տակ ընկներ: Բայց ասում եմ, որ հաջորդ անգամ ևս, անկախ կարգավիճակից, ես կլինեմ առաջին գծում, ես ձեռքս երբեք չեմ բարձրացնի ուրիշի նկատմամբ, հատկապես իմ հողի վրա: Կան արդեն մարդիկ, տարբեր կուսակցություններում, քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում, անգամ ոստիկանությունում և տարբեր մարմիններում, ովքեր հասկանում են, որ դանակը հասել է ոսկորին, և պետք չունեք հյուրընկալել Րաֆֆիին և ընկերներին Երևանից` հասկանալու համար, որ այդ ոսկորն ու դանակը կա: Այս ամենը կա, և Գյումրին դա առաջին հերթին գիտի: Սա դժվար հանդիպում է ինձ համար: Բայց դուք հասկացեք, որ մեկ միլիոն մարդ չկար ապրիլի 9-ին, մեկ միլիոն` կողմ քվեարկողները: Կային լավ մարդիկ, ովքեր ելել էին պայքարի, բայց դա բավական չէր»,-նկատեց նա:
Ըստ Հովհաննիսյանի` եթե ուզում ենք փոփոխություն, ուրեմն ժամանակն է, հիմա է, որ պետք է միասին լինենք և անկախության օրակարգը ստեղծենք. « Եթե ուզում ենք մեկս մյուսին մամուլի միջոցով անվանարկումներ անել, պայքարներ տանենք, թե ով է ավելի հայրենասեր և ով է ճիշտ տանում պայքարը, դա ամենահեշտ բանն է, դա միշտ կա ու կա: Ինձ համար ավելի նախընտրելի է լռել, եթե դա է մեր մակարդակը: Բայց ես հասկանում եմ, որ ունեմ պատասխանատվություն Հայաստանի և Գյումրիի նկատմամբ և պարտավոր եմ այն ուժերիս ներածին չափով անել»:
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Թատերական հրապարակ ժամանած Վահագն Հովհաննիսյանն իր հերթին նշեց. «Պետք էր , որ քաղաքական մյուս ուժերը կանգնեին, և դա կարևոր էր այդ պահին, մենք բոլորս գիտեինք, որ եթե նրանք կանգնեին, միանգամից շատ բան կփոխվեր: Փաստորեն չեկան և չկանգնեցին «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Դրանից հետո սկսեցին ինչ – որ քննադատական ելույթներ ունենալ տարբեր ԶԼՄ-ներով, խոսել ծրագրերի մասին: Ի ՞նչ ծրագրի մասին էր խոսքը: Իմ կարծիքով առաջնային ծրագիրն այսօր այն էր, որ իրենք պետք է գային և լինեին այստեղ: Նպատակը մեկն է` փոխել համակարգը, իսկ համակարգը միայնակ` մեկ մարդով, մի կուսակցությամբ հնարավոր չէ փոխել»:
Խոսելով երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև նշյալ` Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրան մասին` «Ժառագություն» կուսակցության ղեկավարը նշեց. «Մեր ժողովուրդը փաստացի գտնվում է արտակարգ դրության մեջ: Բոլորս դա գիտենք: Պետք է գտնենք սրա լուծումը: Գյուլն ասում է `թուրքալեզու պետությունների ժողով անենք Ստեփանակերտում, Եվրոպան, Ամերիկան պնդում են նախաստորագրման վրա, Ռուսաստանը, ռազմավարական գործընկերը, ռազմավարական զինատեսակներ է վաճառում ռազմավարական հակառակորդ Ադրբեջանին, իսկ Հայաստանը մեջտեղը նստած , տարբեր ակոսներով` մեկը ազատամարտիկ, մեկն ուսման վարձի դեմ պայքարող երիտասարդ, մեկն էլ բնակաշինարարական արդարության համար, պայքարում են առանձին – առանձին: Սրանից մենք պարտված ենք դուրս գալու, եթե մի բան չփոխենք: Ես և Ժառանգությունը կողմնակից ենք Եվրոպական միության անդամակցությանը, եթե Եվրոպան ճանաչի Հայաստանի ազգային շահը և ժողովրդի քաղաքացիական իրավունքը: Ավելի կոնկրետ` ես կարծում եմ, որ նախաստորագրմանը զուգահեռ, կամ դրանից առաջ, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ հանրապետությունը, իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Լրագրողների այն հարցին, թե ըստ պարոն Հովհաննիսյանի` ամսի 3-ին ինչու է Սերժ Սարգսյանը գնում Մոսկվա, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման` Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչի համար է գնում – գալիս: Ես պարոն Սարգսյանին առողջություն եմ մաղթում և ընգծում այն, ինչ նա արդեն գիտի, որ նա օրենքից դուրս է, նա ժողովրդի քվեով չէ, որ հիմա կատարում է դե ֆակտո ինչ – որ գործողություններ: Անհրաժեշտ է այս տարվա ընթացքում լուծում տալ այդ` ոչ լեգիտիմ խնդրին: Թե ով ինչու է գնում – գալիս, ես ենթադրություններ չեմ անում. եղել է զինատեսակների վաճառք Ադրբեջանին, եղել է գազի գնի թանկացում, տարբեր տեսակի երկկողմանի և տարածաշրջանային խնդիրներ, ընդ որում պետք է նշեմ. թեև ավելի շատ քննում եմ Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, սակայն առաջին հերթին մեղավորը մեր ներքին և արտաքին վիճակի համար, դե ֆակտո գործող, ընտրությունը գողացած իշխանությունն է և ոչ ցանկացած այլ երկիր»:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ևս ելույթ ունեցավ` շեշտադրելով պայքարի շարունակականության կարևորությունը.
«Մենք Ղարաբաղի համար 1988 թվականի փeտրվարից կանգնեցինք մինչ 1994 թվական` պատերազմի ավարտը, որովհետև 90ականների ջերմության, հացի չլինելուն չնայեցինք: Մենք ասացինք` պատերազմի վիճակում ենք, ուրեմն շարունակում ենք մեր կռիվը: Էլ չեմ խոսում 88-ի ցույցերի մասին: Մի՞ օր կանգնեցինք ցույցի: Ամիսներով ցույցի էինք մասնակցում: Մենք նույն ձևով պետք է պայքարենք, եթե ցանկանում ենք, որ երկրում փոփոխություններ լինեն:
Եթե մենք նույն եռանդով պայքարենք, ինչպես 88-ին էինք պայքարում, անկախ նրանից, թե երկրում ինչքան մարդ է մնացել , մենք այդ փոփոխությունը կկարողանանք կատարել: Արտագաղթը լուծում չէ, արտագաղթն ընդամենը երկիրն արյունաքամ անել է, ուրիշ ոչինչ»:
Գայանե ԱՎԵՏԻՍՅԱՆ