Բաժիններ՝

Ստուգումների արդյունքում մի շարք անօրինական նպաստառու ընտանիքներ են բացահայտվել

2013թ. հունիս-հուլիս ամիսներին ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը Լոռու մարզպետարանի աշխատակազմի Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ուսումնասիրվել են 2010-2012թթ. և 2013թ. առաջին կիսամյակում պետական նպաստների և դրամական օգնությունների նշանակման ու վճարման գործընթացը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ մարզի 61 համայնքներում, այդ թվում՝ Սպիտակի տարածաշրջանի 15, Ստեփանավանի՝ 14, Թումանյանի՝ 16 և Տաշիրի տարածաշրջանի՝ 16 համայնքներում անապահովության սահմանային միավորից, ցածր միավոր ունեցող նպաստառուներին անօրինական վճարվել է 3 մլն 557.000 դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, Լոռու մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ հայտնել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:

Ներկայացնելով կատարված ստուգումների արդյունքները, բաժնի պետը տեղեկացրել է, որ հարակից բազաներով ստացված տեղեկությունների ընտրանքային կարգով ստուգմամբ պարզվել է, որ թեև 8 նպաստառու ընտանիքների անապահովության միավորը ՍԾՏԳ-ի կողմից զրոյացվել և նպաստի վճարումը դադարեցվել է, սակայն ավելի վճարված 279.500 դրամ գումարը չի վերադարձվել: Այն ամբողջությամբ ենթակա է վերադարձման: Լոռու մարզպետարանի կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ խախտումները գրեթե ամբողջությամբ առնչվում են համայնք-անասնաբույժ օղակին:

Համայնքները քաղաքացու անասնագլխաքանակի օտարման մասին տվյալները չեն ամրագրում տնտեսական գրքերում, որից և առաջանում է անհամապատասխանությունը: Մասնավորապես՝ գերավճար առաջացրած 55 խախտումներից 44-ը կամ դրանց 80 տոկոսը թաքցված անասնագլխաքանակի հետևանք են: Արդյունքում, պատասխանատվության կրողը ՍԾՏԳ-ներն են, ինչը, թերևս, արդարացի չէ. «Անասնաբույժների նման աշխատելաոճը, կարծում եմ, պետք է քննարկման առարկա դառնա համապատասխան ատյաններում»,- ասել է Վ. Ջաղինյանը՝ կրկին հիշեցնելով, որ Լոռու մարզպետի հանձնարարականի համաձայն՝ մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը պետք է ամբողջությամբ վերականգնվի պետությանը պատճառված վնասը:

Օգոստոսի 30-ի դրությամբ պետբյուջե է գանձվել գերավճարի ընդամենը 40 տոկոսը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս