«Մոտդ խոզանակ կամ ռետինե կոշիկ կա՞»
Գրիբոեդով գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց աշնանը ավելանում է ևս մեկ: Հսկայական գյուղի ճանապարհներին ոչ մայթ կա, ոչ փողոց ու քայլելիս կամ անցնող մեքենայից հետո՝ գյուղում սարսափելի փոշի է բարձրանում:
«Մեր գյուղ որ հյուր է գալիս, նախապես ասում ենք` ճամփեքը շատ վատն է, հետդ խոզանակ ու կտոր վերցրու, որ հետո հագուստդ ու կոշիկներդ սրբես»,- ասում են գյուղի կանայք:
Իսկ աշնանն արդեն գյուղի ճանապարհներով քայլելը դառնում է գրեթե անհնար: Առաջին անձրևից հետո գյուղի փողոցները վերածվում են ցեխակույտի և գյուղացիները ստիպված են լինում ռետինե երկարաճիտ կոշիկներ հագնել, որպեսզի հագուստները չցեխոտվեն:
«Շատ ահավոր է, ասենք՝ մենք հագանք էդ սապոգներից, տղամարդիկ էլ են հագնում, բա երեխե՞քը: Ջահել երեխեք են, էդ սապոգը հագցնենք՝ ուղարկենք դպրո՞ց, ամոթ է: Չես էլ հագցնում, ոտքից գլուխ կեղտի մեջ խրվում են»,- ասում է տիկին Անթառամը` հավելելով, որ գյուղում ջրի հետ կապված խնդիր էլ կա ու լվացք անելը կամ լողանալը լուրջ խնդիր իրենց մոտ:
Գրիբոեդովի հնաբնկակները չեն հիշում, որ իրենց գյուղի փողոցները երբևէ ասֆալտապատ լինեն: Ասում են` մենք երևի արժանի չենք, դրա համար էլ մեզ մոռացել են:
Գյուղացիները հավաստիացնում են, որ թե նախկին, թե ներկա գյուղապետերը բազմիցս դիմել են ճանապարհների հարցով: Դիմել են թե մարզպետարանին, թե կառավարությանն ու կապի և տրանսպորտի նախարարությանը: Գյուղացիներին պատասխանել են, որ գյուղամիջյան ճանապարհները պետք է համայնքին տրամադրվող բյուջեի հաշվին նորոգվեն: Գրիբոեդովում չեն ալարել և նստել-հաշվել են, թե որքան գումար է անհրաժեշտ: Գումարի ստույգ թիվը հիմա արդեն չեն հիշում, սակայն հիշում են, որ մի քանի տարի շարունակ գյուղապետարանի բյուջեն չպետք է ծախսվեր, որպեսզի կարողանային գյուղի ճանապարհները նորոգել:
Այդ օրվանից գյուղացիներն այլևս նամակներ չեն գրում և չեն դիմում մարզպետարանին. պատասխանն արդեն անգիր գիտեն` փող չկա: Դրա փոխարեն՝ գյուղ այցելող հյուրերին հարցնում են` «մոտդ խոզանակ կամ ռետինե կոշիկ կա՞»: