Ինչո՞ւ է Գյումրիի քաղաքապետարանը դեմ բնապահպանական նորարարությանը
168.am-ը վերջերս անդրադարձել էր Գյումրիում իրականացվող «Էկո Պատ» այլընտրանքային կանաչապատման ծրագրին: Նշվել էր, որ երիտասարդները քաղաքապետարանի աջակցությամբ որոշել էին Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի փողոցի ոչ բարեկարգ և անուշադրության մատնված բանուկ տարածքը բարեկարգել նորարարական միջոցներով` ստեղծելով «Էկո Պատ», որը և օրինակ էր ծառայելու քաղաքի պաշտոնյաների և հասարակ քաղաքացիների համար: Ըստ նախնական պայմանավորվածության` վայրն անփոփոխ էր, սակայն, չգիտես ինչու, վերջին պահին քաղաքապետարանն արգելել է նշյալ տարածքում իրականացնել բնապահպանական ծրագիրը: Մանրամասները ճշտելու համար 168.am-ը զրուցեց քաղաքացիական ակտիվիստ և ծրագրի մասնակից Գոռ Թորոսյանի հետ:
– Գոռ, տեղեկացանք, որ «Էկո Պատ» ծրագրի շրջանակներում տարածքի փոփոխություն է տեղի ունեցել` կապված քաղաքապետարանի հետ առաջացած խնդիրների հետ: Կմանրամասնե՞ս:
– Այո, սկզբնապես որոշվել էր «Էկո Պատը» ստեղծել Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի 61 հասցեում գտնվող տարածքում: Այնտեղ կա արված թերի գրաֆիթի աշխատանք, իսկ տարածը կորած է մոլախոտերի մեջ, և այդ ամենը հրապարակին կից տարածքում: Գյումրիի քաղաքապետարանի հետ նախնական պայմանավորվածություն ունեինք տարածքը բարեկարգելու, գրաֆիթի նկարը մաքրելու և ավելի լավ, գեղեցիկ ու նոր գրաֆիթի աշխատանք ստեղծելու գործում: Պատի վրա լինելու էին հատուկ ամանների մեջ տեղադրված բույսեր և քաղաքի կենտրոնում կստեղծվեր հրաշալի վայր:
Սակայն, չգիտես ինչո՞ւ, վերջին պահին քաղաքապետարանը «փոշմանեց»: Պատճառն այն էր, թե գրաֆիտին չի համապատասխանում քաղաքի ուրույն ճարտարապետական տեսքին և միանշանակ թույլ չեն տա մեզ սկսել աշխատանքները: Այնպիսի տպավորություն է, որ այդ տարածքի մոլախոտերը և կիսատ-պռատ գրաֆիտին համապատասխանում են քաղաքի ճարտարապետական տեսքին, իսկ բարեկարգ, կանաչապատ տարածքը` ոչ:
– Իսկ քաղաքի այլ տեղում հնարավոր չէ՞ր լինի իրականացնել մտահղացումը:
– Դե, հնարավոր էր: Քաղաքապետարանի մերժումից հետո այցելեցինք Երեխաների խնամքի թիվ 1 հաստատություն, որը գտնվում է Անի թաղամասում, հանդիպեցինք տնօրեն տիկին Զատիկյանի հետ, ներկայացրեցին ծրագիրը և առաջարկեցինք հաստատության պատերից մեկի վրա կառուցել «Էկո Պատը»: Տիկին Զատիկյանն էլ իր հերթին մեծ սիրով համաձայնեց, նաև առաջարկեց իր օգնությունը, որի համար շնորհակալ ենք նրան:
– Քաղաքապետարանի հետ ներկայումս կապ կա՞:
– Ներկա պահին քաղաքապետարանի հետ որևէ կապ չկա և այս նախաձեռնության շրջանակներում չի էլ լինի: Մենք մի խումբ երիտասարդներով մեր քաղաքը բարեկարգելու համար պատրաստ ենք համագործակցել թե՛ քաղաքապետարանի, թե՛ այլ կառույցների հետ, բայց եթե նրանք մեզ չեն աջակցում, ավելին՝ թույլ չեն տալիս, որ մենք իրագործենք մեր ծրագիրը և քաղաքում ևս մի բարեկարգ ու կանաչապատ տարածք ավելացնենք, ուրեմն մենք դա կանենք առանց իրենց: Որևէ խնդիր չեմ տեսնում դրանում:
– Ծրագիր շարունակականության հետ կապված պլաններ կա՞ն:
– Ծրագիրը ներկա պահին շարունակական բնույթ չի կրի, բայց միանշանակ կարող եմ ասել, որ եթե լինեն համագործակցող կողմեր և համապատասխան ֆինանսավորում, անպայման կփորձենք քաղաքի այլ վայրերում ևս նման «Էկո Պատեր» կառուցել և քաղաքում ավելացնել կանաչապատ և բարեկարգ տարածքների թիվը: Մենք մեր քաղաքում դեռ շատ բաներ ենք փոխելու: Լավ է լինելու, անկախ ամեն ինչից:
Գյումրի