Բաժիններ՝

Խաղատները չեն ուզում գաղթել

Անցած տարի սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները խնդրել էին նրա աջակցությունը՝ 3 տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխության հետ կապված: Հիշեցնենք, որ այդ օրինագծի համաձայն, 2013 թ-ի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ թույլատրվում էր կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում, իսկ Երևանի շրջակայքում խաղատուն կարող էր գոյություն ունենալ միայն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում: Նման ծրագիր իրականացնում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այս տարի մայիսին «տաճարախառն» հանդիսությամբ բացեց «Փարավոն» հանգստի, խաղատնային և զվարճանքների կենտրոնը:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ «Փարավոնի» առկայությամբ մնացած՝ արդեն մանր թվացող խաղատներն ու խաղասրահները Երևանի շրջակայքից հեռանալուց հետո ակնհայտ կլինի նոր մենաշնորհատիրոջ առկայությունը: Խոսվում էր նաև, որ դա անցած ընտրական խառը գործընթացներում Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև այսպես ասած փոխզիջումային տարբերակի արդյունք է:

Ինչևէ, օրենքն անցած տարեվերջին փոփոխեցին ու ժամկետը երկարաձգեցին 1 տարով: Այսինքն, մանր ու միջին խաղատներն ու խաղասրահները մայրաքաղաքի շրջակայքում պետք է փակվեն արդեն 4 ամիսից՝ 2014 թ. հունվարի 1-ից: Մինչդեռ, այսօրվա դրությամբ կարծես թե «անդորր է փոթորկից առաջ», ոչինչ չի կատարվում ու ոչ մեկն այս մասին չի խոսում: Խաղային բիզնեսի տերերն էլ չեն շտապում թարմացված օրենքով նախատեսված տարածքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի, «Զվարթնոց» օդանավակայան և «Երևան» ազատ տնտեսական գոտի) ներդրումներ անել ու իրենց կառույցները տեղափոխել: Համենայն դեպս, Ջերմուկում և Ծաղկաձորում խաղային նոր բիզնեսների մասին «շորշոփ» չկա:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ևս 168.am-ին հայտնեցին, որ առայժմ շարժ չի նկատվում և դժվար է ասել, թե խաղատների և խաղասրահների սեփականատերերն իրենց բիզնեսները տեղափոխո՞ւմ են, թե՞ ոչ: Նախարարությունից նշեցին, որ երբ օրենքն ուժի մեջ մտնի, այն ժամանակ էլ իրավիճակը կհստակեցվի:

Սակայն խաղային բիզնեսի ներկայացուցիչների այս հանգստությունը հուշում է, որ շատ հնարավոր է՝ օրենքի գործողության ժամկետը կրկին հետաձգվի: Եթե այն ժամանակ որպես պատճառ նշվել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը, ապա հիմա էլ նույն գործոնը դեռ ուժի մեջ է։ Դրան կարելի է հավելել ոչ ֆորմալ պատճառները. ընտրական «ծանրաբեռնված» տարի էր, գործարարներն իրենց գումարներն այլ ուղղությամբ էին ծախսում ու նոր ներդրումների ուժ չունեին: Այնպես որ չի բացառվում, որ մյուս խաղատների մասին օրենքի կիրառման ժամկետը կրկին երկարաձգվի՝ փոշիացնելով  Ծառուկյանի մենաշնորհի կայացումը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031