Արմեն Աշոտյան. Կրթության ոլորտը մեր երկրի համար նույնքան կարևոր է, որքան պաշտպանությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, որից հետո Նախագահի տրված հանձնարարականներն է ներկայացրել և լրագրողների հարցերին պատասխանել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինիս խոսքով` կրթության և գիտության ոլորտները մեր երկրի համար նույնքան կարևոր են, որքան պաշտպանությունը, և պատահական չէ, որ Նախագահը պետական համակարգի աշխատակիցների հետ իր հանդիպումների շարքը մեկնարկել է հենց ԿԳ նախարարությունից:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Նախագահին զեկուցվել է նոր ուսումնական տարվա, իրականացվող աշխատանքների, պետական ապարատի հետագա քայլերի, նախադպրոցական կրթությունից մինչև գիտությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զեկուցումներով են հանդես եկել նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը և Կարինե Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Բացի այդ, Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության աշխատակիցներն ուղղել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ոչ միայն կրթության ոլորտին, այլև արտաքին քաղաքականությանը, երկրի անվտանգությանը, ռազմարդյունաբերական, ԼՂ հակամարտության կարգավորման տեսլականին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման ներկայիս փուլին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի վարձավճարների թանկացման խնդիրներին: Արմեն Աշոտյանի խոսքով` նախարարության բանաձևը մնում է նույնը. լավ սովորող ոչ մի ուսանող սոցիալական խնդիրների պատճառով չպետք է զրկվի ուսման հնարավորությունից, ավելին՝ պետք է ընդլայնել անվճար կրթության իրավունքը, խրախուսել լավագույն ուսանողներին:
Նախարարը նաև ընդգծել է, որ արդեն իսկ մշակված են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին: Ուսման վարձավճարների թանկացման դեմ, ըստ Արմեն Աշոտյանի, հասարակական ընդվզում չկա. կան մի շարք խմբեր, որ իրենց դժգոհությունն են արտահայտում:
«Ինձնից ինտենսիվ և արդյունավետ որևէ այլ գործիչ չի աշխատել, իսկ ուսանողների բարձրախոսը միայն այդ խմբերը չեն, ուսանողներն իրենց ձայնը լսելի դարձնելու բազմաթիվ միջոցներ ունեն: Պետական մարմին-շահառուներ երկխոսությունը շատ արդյունավետ է, եթե բոլոր կողմերն իրենց ցանկությունների մեջ ազնիվ են»,- նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ որակի շարունակական աճ ապահովելով՝ պետք է նաև հստակեցնել պետության կարգավորիչ դերը:
Նախարարի գնահատմամբ՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության որակը տարբեր է. Հայաստանի կրթական համակարգում կան արդիականացման կարիք ունեցող և մրցունակ կրթական ծրագրերից մինչև եվրոպական որակի կրթական ծրագրեր:
«Մենք չենք կարող ասել, որ ունենք շատ լավ որակի բարձրագույն կրթություն, բայց նաև չենք կարող ասել, որ ունենք շատ վատը: Մենք շատ խայտաբղետ կրթական համակարգ ունենք, ունենք տարբեր որակներ: Ընդհանուր առմամբ՝ կրթության որակը չի կարող բավարարել որևէ մեկին, աշխատանքի կազմակերպման խնդիր կա, կան միջոցառումներ, որոնք պահանջում են հավելյալ ֆինանսական ներդրումներ, կան այնպիսիք, որոնք չեն պահանջում, սակայն եթե ուզում ենք առաջընթաց տեսնել, ապա պիտի խրախուսենք դա»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը երբեք չի խուսափում խնդիրներից և դրանց մասին բարձրաձայնելուց, և ինքը Նախագահին շատ ազնիվ ներկայացրել է դրանք:
Նախարարի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում խոսվել է նաև ուսանողական վարկերի մեխանիզմի հանրայնացման եղանակի մասին, քանի որ նման մեխանիզմ Հայաստանում երբևէ չի եղել:Ըստ Արմեն Աշոտյանի` կրթության ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են բարեփոխումների հետ:
Դրանցից առաջինը 12-ամյա կրթությունն է, երկրորդը՝ առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը, երրորդ տեղում կոռուպցիան է: 12-ամյա կրթությունը, ըստ նախարարի, բովանդակային շտկման կարիք ունի, սակայն իր համար անընդունելի են 12-ամյա կրթությանն ուղղվող քննադատությունները, քանի որ Հայաստանում վերոնշյալ համակարգը ներդրվել է 2006-ից, այսինքն՝ մինչև 2018 թվականը մեր երկիրը 12-ամյա կրթությամբ շրջանավարտ չունի, ուստի, ըստ Արմեն Աշոտյանի, չի կարելի պնդել, որ այն անարդյունավետ է:
Նախարարի խոսքով` հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսանողական վարկերի տրամադրման, ուսանողական հանրակացարանային հիմնախնդիրների, օտարերկրյա ուսանողների ներգրավման, նախադպրոցական կրթության մատչելության և այլ հարցերին:
Ասուլիսի վերջում նախարարը խոստացել է, որ ուսումնական տարին կլինի հետաքրքիր, նախարարության աշխատանքը, ինչպես միշտ, բաց ու թափանցիկ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն